Կիևի մերձակայքում գտնվող պահեստի վրա ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 37-ի, հայտնում է Reuters-ը:
Նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացել է պատժել պահեստում տեղի ունեցած պայթյունի համար պատասխանատուներին։ Տասնյակ մարդիկ վիրավորվել են, և ավելի քան 370 մարդ տարհանվել է Միլա գյուղից, ասել է Զելենսկին։
Անցած գիշեր ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի մի քանի քաղաքների, այդ թվում՝ Կիևին։ Նա հավելել է, որ մոտակա ենթակառուցվածքները «զգալի վնասներ» են կրել, այդ թվում՝ բնակելի շենքերը և տարեցների խնամքի կենտրոնը։
«Նրանք, ովքեր թույլ են տվել, որ սա տեղի ունենա, պետք է պատասխանատվություն կրեն իրենց որոշումների համար», - X-ում գրել է Զելենսկին։
«Գործում են կանոնակարգեր. զինամթերքը չի կարող պահվել տների կամ այլ բնակելի տարածքների մոտ։ Համապատասխան եզրակացություններ անպայման կարվեն», - ընդգծել է նա։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Միլա գյուղում հարված է հասցվել Fire Point հրթիռային ընկերությանը պատկանող զինամթերքի պահեստին։
Ռուս զինվորականները նաև հայտարարել են, որ հարված են հասցվել Կիևի մարզի Չայկի գյուղում գտնվող «ՖԻՄ Սերվիս» լոգիստիկ կենտրոնի պահեստներին, որոնք «օգտագործվում էին «Ֆլամինգո» հեռահար թևավոր հրթիռների բաղադրիչները պահելու համար», ինչպես նաև Կալինովկա գյուղում գտնվող լոգիստիկ կենտրոնին, որտեղ տեղակայված է մաքսային տերմինալ, որը զբաղվում է արևմտյան երկրներից ժամանող ռազմական բեռների բաշխմամբ։
Այս մասին անկախ աղբյուրներից հաստատում չկա:
Ուկրաինայի վարչապետ Սերգեյ Կորեցկին Միլայում տեղի ունեցած միջադեպը համեմատել է հուլիսի 6-ին Վիշնևոյում տեղի ունեցած պայթյունի և հետագա հրդեհի հետ, որտեղ վնասվել է նաև բնակելի շենքերի մոտ գտնվող զինամթերքի պահեստը, և այն անվանել է «հանցավոր անփութություն»։