«Բոլորին դեմ եմ» շարժումը կուսակցություն է դառնում. կմասնակցի խորհրդարանական ընտրություններին

«Բոլորին դեմ եմ» շարժումը փետրվարի 1-ին պատրաստվում է գրանցվել որպես կուսակցություն. կմասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին:

«Ազատության» հարցին՝ ո՞վ է լինելու վարչապետի թեկնածուն, հանրային քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանը պատասխանեց. «Վարչապետի թեկնածու կունենանք այն ժամանակ, երբ օրենքով պարտադիր ժամանակահատվածին հասնենք, այսինքն, երբ ուժերն առաջադրում են վարչապետի թեկնածումներ: Ինչի ենք մենք այդ պահը հետաձգում, որպեսզի հնարավորինս լայն ընտրանուց ընտրվի այդ մարդն, ով կկատարի օրակարգը»:

400-ից ավելի անդամ ունեցող «Բոլորին դեմ եմ» շարժումում հիմնականում երիտասարդներ են, շատերը՝ հանրությանն անծանոթ: Միքայել Նահապետյանը վստահ է՝ սա խնդիր չէ, կարևորը օրակարգն է, որի շուրջ հավաքվել են անգամ գաղափարական տարաձայնություններ ունեցող մարդիկ: Իսկ օրակարգում երեք հարց կա՝ ընտրություններում հաղթելու դեպքում կազմել 100 օրվա կառավարություն, կատարել 3 անհրաժեշտ փոփոխություն, այնուհետև ինքնալուծարվել ու արտահերթ ընտրություններ կազմակերպել։

«Գոյություն ունեցող խաղի կանոնների պայմաններում մենք ինչ ընտրություն էլ կատարում ենք, համակարգն ընտրվածին վերածում է թագավորի, հետո մենք մեր կյանքն ու երիտասարդությունը վատնում ենք թագավորներից ազատվելու երկարատև ու հյուծող պայքարի վրա: [Թագավոր չդառնալու] Երաշխիքն այն է, որ մենք նախատեսում ենք 100-օրյա կառավարություն, որն, ընդ որում, իր օրակարգերը կատարելու համար կախվածության մեջ է լինելու նաև Ազգային ժողով անցած մյուս ուժերի քվեարկությունից: Էդ պայմաններում, երբ որ կան բալանսներ, հակակշիռներ, 100 օրում թագավոր դառնալ հնարավոր չի, 100 օրում կանենք մեր խոստացած փոփոխությունները, դրանից հետո կկազմակերպենք նոր արտահերթ ընտրություններ, որին, ի դեպ, չի մասնակցի այդ 100-օրյա կառավարությունը», - ներկայացրեց նա:

Խոստանում են հանել կայուն մեծամասնությունը, իջեցնել ընտրական շեմը՝ հասցնելով 1 տոկոսի։ Ի դեպ, Միքայել Նահապետյանը խորհրդարանական վերջին երկու ընտրություններին մասնակցել է «Քաղաքացու որոշում» կուսակցության կազմում, այս ուժը երկու դեպքում էլ անցողիկ շեմը չի հաղթահարել:

«Բևեռացված քաղաքական համակարգում պոպուլիզմի պայմաններում միշտ հաղթել է նա, ով շատ բարձր է հայհոյում, ով կարողանում է ընտրողին ներկայացնի՝ «մենք կկործանվենք, եթե չգաք ինձ ընտրեք», իսկ այդ խոսակցությունը միշտ չի, որ ճշմարտության մասին է ու միշտ չի, որ լուծումների մասին է: Մենք առաջարկում ենք ունենալ նորմալ պառլամենտ, որտեղ կան գերիշխող քաղաքական հոսանքներ և ալտերնատիվ կարծիքներ, որոնք կարանք այդ գերիշխող հոսանքներին բերեն մի քանի այլ ուղղությամբ, կառուցողականության ուղղությամբ, լուծումներ գտնելու ուղղությամբ: Եթե գերիշխող հոսանքներ չգնան այդ ուղղությամբ, իրենք աճացնելու են «Բոլորին դեմ եմ»-ի կոմպոնենտը», - նշեց Նահապետյանը:

Քաղաքական նպատակին հասնելու դեպքում երրորդ խոստումը կլինի հաջորդ ընտրություններում արդեն ավելացնել «Բոլորին դեմ եմ» քվեաթերթիկը։ Հիմնավորումն այն է, որ նախորդ՝ 2021-ի ընտրություններում շատերը բոլորին դեմ էին, բայց ստիպված քվեարկեցին մի որևէ փոքր ուժի օգտին, արդյունքում ձայների մոտ 20 տոկոսը փոշիացավ։ Նահապետյանի խոսքով՝ «Բոլորին դեմ եմ»-ը կարող է ծառայել այդ ձայների կենտրոնացմանը: Փակուղի չէ՞ սա արդյոք, եթե հաղթում է «Բոլորին դեմ»-ը։

«Բոլորին դեմ եմ» քվեաթերթիկը մահակ է քաղաքական համակարգի դեմ, որպեսզի քաղաքական համակարգն իմանա, որ պետք է աշխատել քաղաքացու հետ ու հանուն քաղաքացու, որպեսզի հանկարծ քաղաքացին չբարկանա, չգա քվեարկի բոլորին դեմ եմ ու չստեղծի պրոբլեմներ քաղաքական դաշտի համար: Այդ փոփոխության արդյունքում մենք ունենալու ենք հեզ, խոնարհ ու ժողովրդին ծառայող քաղաքական ուժեր, որովհետև հակառակ դեպքում քաղաքացիները գալու են ու խառնեն բոլոր քաղաքական ուժերի պլանները», - ասաց նա:

100 օրում համակարգային փոփոխություններն իրատեսական են համարում։ Իսկ ո՞րն է երաշխիքը, որ սա նախ հերթական նախընտարական խոստումը չէ, և որ 100 օր հետո իսկապես ինքնակամ կհեռանան. «Երաշխիքը բալանսներն են, որովհետև այդ կառավարությունը հենված է լինելու պառլամենտի բոլոր ուժերի քվեարկությունների վրա կամ առնվազն ուժերի մեծ մասի քվեարկության վրա: Խախտել խոստումները, կորցնել հանրային աջակցությունը, նշանակում է շատ ուղիղ հայտնվել փակուղում»:

8 տասնյակ ֆինանսական աջակցող ունեն։ Իրեն ինքնալուծարվող կուսակցություն կոչող քաղաքական ուժի անդամ Միքայել Նահապետյանի խոսքով՝ շարքային քաղաքացիներն են, որոնց թիվը, դանդաղ, բայց աճում է։ Քաղաքական համագործության առաջարկներ երիտասարդներին, ասում է, չեն եղել, իրենք էլ իրենց 100 օրվա օրակարգից դուրս կապեր չեն փնտրում։