Արդեն 11 օր հացադուլի մեջ գտնվող «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավար Նարեկ Սամսոնյանի ընկերներն ու աջակիցներն այսօր բողոքի ակցիա անցկացրին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի առջև:
Խուլիգանության մեղադրանքով ավելի քան երկու ամիս կալանավորված փոդքասթերն առողջական խնդիրներ ունի, ահազանգում են փաստաբանները: Նրանցից Աստղիկ Մաթևոսյանն ասաց, որ Սամսոնյանը շտապ վիրահատության կարիք ունի, երեկ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ որոշակի ստուգումներ է անցել:
ՄԻՊ Անահիտ Մանասյանի գրասենյակի առջև հավաքված Սամսոնյանի փաստաբանն ու ընկերները սնունդ էին բերել իրենց հետ, այն դասավորեցին մուտքի աստիճաններին, սակայն ներսից դուրս եկած կինը սկսեց այն հավաքել ու տեղավորել աղբի տոպրակի մեջ:
Ակցիայի մասնակիցների խոսքով՝ սա խորհրդանշական իմաստ ունի. պնդեցին՝ արդեն 11 օր սննդից հրաժարված հաղորդավարին պաշտպանի գրասենյակից ոչ մեկը չի այցելել, նրա առողջությամբ չեն հետաքրքրվել:
Պաշտպանի խորհրդականն ակցիայի ավարտին նրանց մոտեցավ՝ հրավիրելով ներս՝ քննարկման: Արթուր Ասլանյանն ասաց, որ Մանասյանի գրասենյակը հաղորդավարի հարցով զբաղվում է, որոշակի աշխատանքներ իրականացրել են, սակայն թե ինչ աշխատանքներ, չմանրամասնեց:
Դատավորը հունվարի 9-ին նիստին բավարարեց դատախազի՝ հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանքը ևս երեք ամսով երկարացնելու միջնորդությունը, ինչից հետո Սամսոնյանը հայտարարեց անժամկետ հացադուլի մասին: