Բնակիչները պնդում են՝ Շիկահողում դրբեջանցիները դիրքավորվել են ու հեկտարներով անտառ են կտրում

Բարձրակարգ ու բազմաթիվ բուսատեսակներով, Կարմիր գրքում ներառված կենդանիներով հարուստ Շիկահող պետական արգելոցում ադրբեջանցիները դիրքավորվել ու հեկտարներով անտառ են կտրում, ճանապարհ ու հենակետ սարքում, տարածքի բնակիչներն են պատմում։

«Ճանապարհներ են կտրում, բլինդաժներ են սարքում, ես ինչ իմանամ, ամրություններ են ստեղծում, որ փայտը, որ ասենք շինափայտ է, շինանյութի համար են օգտագործում, որն էլ վառելափայտ է, վառելափայտի համար էլի», - ասաց բնակիչներից մեկը։

Հինգ տարի առաջ ադրբեջանական զինուժը Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժեց, այդ թվում՝ Ներքին Հանդի ուղղությամբ. Շիկահողի արգելոցի սահմանային հեկտարները դարձան ադրբեջանցիների համար ամրաշինական կառույցներ ու դրանք միմյանց կապող ճանապարհներ:

Անտառագետ Այսեր Ղազարյանը շեշտում է՝ սա ոչ միայն տարածքային ամբողջականության խնդիր է, այլև՝ էկոցիդ Հայաստանի եզակի բնական արժեքների նկատմամբ. «3200 հեկտար մոտավորապես զավթված և ուղիղ կրակային գոտում է, չափազանց վտանգավոր և մոտավորապես 6-7 հեկտար, մի փոքր ավելի, ուղի դիտարկման և մինչև 60 միլիմետր ականանետային հասանելիության գոտում։ Այսինքն՝ բավականին լուրջ խնդիր է այնտեղ առաջացել»։

Փորձագետն արբանյակային պատկերներով մշտապես դիտարկման տակ է պահում այդ տարածքները։ Պնդում է՝ Ադրբեջանն արդեն 60 հեկտար անտառածածկ տարածք է ոչնչացրել՝ հաստաբուն կաղնիներ, բոխիներ, 17000 խորանարդ մետր, և այս հատումները կանգ չեն առնում։

«Դինամիկ դիտարկումների արդյունքները ցույց են տալիս, որ հատումները շարունակվում են այնտեղ։ Այսինքն, ըստ էության, իրենց ձմեռային վառելափայտի կամ չգիտեմ այլ նպատակներով ադրբեջանական համապատասխան խմբերը, զինված ուժերի ստորաբաժանումները կատարում են հատուներ», - ներկայացրեց Այսեր Ղազարյանը։

Երկու օր առաջ էլ փորձագետն ահազանգել էր Տարածքային կառավարման նախարարության կայքում ինտերակտիվ եռալեզու քարտեզը, որ միջազգային գործընկերների աջակցությամբ է կազմվել, կոպիտ սխալ ունի, որ հենց Շիկահողի հատվածին է վերաբերում. «Մոտավորապես 360-ից 380 հեկտար դուրս է թողնվել այդ քարտեզից»։

Քարտեզն այսօր արդեն հասանելի չէ, նախարարությունից ասացին՝ տեխնիկական շտկում են անում։

Շիկահողի տարածքում անտառահատումների վերաբերյալ հարց վարչապետ Փաշինյանին ամիսներ առաջ էին լրագրողներն ուղղել։ Ասել է՝ նման տեղեկատվություն չի ստացել։ «Եթե Հայաստանի ինքնիշխան տարածքում ծառեր են հատվում, չենք կարող դրան որևէ ձևով չարձագանքել», - շեշտել էր Փաշինյանը։

Շիկահողի արգելոցում Ադրբեջանի ծառահատումների վերաբերյալ դատապարտող հայտարարություններ չկան, բայց որ ծառեր են հատվում, հաստատել են թե՛ Գլխավոր շտաբի պետը, թե՛ շրջակա միջավայրի նախարարը։

«Երբ որ ամրաշինական կառույց է սարքվում, այնտեղ, որտեղ ծառը պետք է հատել, հատվում է», - ասել է Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Երբ ամրաշինական կառույց է սարքվում, ծառը պետք է հատել. ԳՇ պետը՝ ՀՀ տարածքում ադրբեջանցիների գործունեության մասին

Նախարար Համբարձում Մաթևոսյանն արգելոցում տեղի ունեցողն աղետ բառով չի բնորոշի, դա վնաս է, խաթարում. «Շիկահողի արգելոցում և առհասարակ սահմանամերձ հատվածներում մենք ունեցել ենք էկոհամակարգի խաթարում և էկոհամակարգի վնաս»:

Թե որքան վնաս են հասցրել ադրբեջանցիները, դեռ չափել չեն կարող, շեշտում է Համբարձում Մաթևոսյանը: Սահմանազատման գործընթացից հետո կգնահատեն ու այժմ ամենակարևոր հարցի վրա են կենտրոնանում. «Խնդրում եմ հաշվի առնենք, որ մենք ունենք մեկ շատ ավելի կարևոր օրակարգային հարց, խաղաղության օրակարգն է: Մենք գնում ենք խաղաղության մեր հարևանների հետ»։

«Դա խաղաղության չի խանգարում, քանի որ Ադրբեջանն էլ է վավերացրել այդ համապատասխան կոնվենցիաները, ոնց որ Հայաստանն է վավերացրել։ Իրենք իրենց դիմելու են, որ դուրս բերեք այդ տարածքներից, որովհետև այդտեղ ոչ հայերն են մտնում, կոպիտ ասած, դուք էլ պետք է դուրս գաք, որ այդ միջավայրը, էկոհամակարգերը չխաթարվի, կենսաբազմազանությունը չոչնչացվի։ Այսինքն դա որևէ կերպ չի վնասելու իրենց այդ խաղաղության գործընթացներին։ Ավելին, այդ հարթակը բավականին լավ շանս է, մասնավորապես Շիկահողի արգելոցից համապատասխան այդ զորախմբերը, ստորաբաժանումները դուրս բերելու համար», - նշեց Այսեր Ղազարյանը։

ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP-17-ը, աշնանը Հայաստանում է անցկացվելու։ Ըստ փորձագետ Այսեր Ղազարյանի՝ ամենահարմար հարթակը, որտեղ պետք է հնչի ահազանգը, Հայաստանի ինքնիշխան տարածքում Ադրբեջանը կենսաբազմազանությամբ հարուստ արգելոցն է ոչնչացնում։

«Ես նույնիսկ առաջարկեցի, եթե պետական համապատասխան գերատեսչությունը, եթե իրենք այսպես ասած վախենում են այդ մասին խոսել, բարձրաձայնել, դա կարող են, այսպես ասած, դելեգեյթ անեն, պատվիրակեն անկախ փորձագետներին կամ ոչ պետական կառույցներին Հայաստանում գործող, որպեսզի այդ միջոցով այդ հարցը բարձրաձայնվի և համապատասխան գործընթացներ փորձենք իրականացնել, որպեսզի առանց կրակոցի, ուղղակի դուրս բերենք այդ համապատասխան զինված ստորաբաժանումները այդ տարածքից», - ընդգծեց փորձագետը։

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված կենդանիներն էլ են վտանգված, պատմում են տարածք գյուղերի բնակիչները, բեզոարյան այծ ու արջ կերակուր են դառնում ադրբեջանցի զինվորի համար. զենքը կա, հսկող չկա։