«Բիչինայի դառը համը». Բագրատ սրբազանին ունեզրկելու փո՞րձ, թե՞ արդարության վերականգնում

«Շամշադին Էկո Միթ» մսամթերքի արտադրամասի բացման հանդիսավոր արարողությունը, 2019թ.

2019 թվականին էր. «Բիչինա՝ Շամշադինի համը» խորագրով միջոցառմանը Տավուշի այն ժամանակվա մարզպետ Հայկ Չոբանյանը ոգևորությամբ շնորհավորում էր բոլորին, այդ թվում՝ նախաձեռնության հեղինակ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին:

«Այսօրվանից սկսած՝ մենք ասում ենք՝ բիչինան ոչ միայն շամշադինցունն է, այլև Հայաստանինը և ամբողջ աշխարհինն է, որի համար ես ես շնորհավորում եմ բոլորիս հատուկ», - հայտարարում էր Չոբանյանը:

Հիմա, սակայն, պարզվում է՝ բիչինայի համն անթերի չէր: Վարչապետի հրաժարականի պահանջով փողոցային պայքար ծավալած հոգևորականից իրավապահներն այժմ պահանջում են վերադարձնել բիչինայի արտադրության տարածքը:

«Շամշադին Էկո Միթ» մսամթերքի արտադրամասի բացման հանդիսավոր արարողությունից 7 տարի անց իրավապահները եզրակացրել են՝ Տավուշի թեմի նախկին առաջնորդին պատկանող այդ տարածքն իրականում զորանոց է, որը ժամանակին չպետք է օտարվեր նրան։ Հիմա պետությունը պահանջում է վերադարձնել գույքը՝ անվավեր ճանաչելով տարիներ առաջ կնքված գործարքը։

«Անընդհատ փորձում են էդ նույն նյարդի վրա խաղալ, և՛ սրբազանին, և՛ իր մերձավորներին, և՛ հանրությանը էդ մեսիջը ուղարկել, որ «եթե դուք ռեալ պայքար եք մեր դեմ մղելու, ապա մենք էլ մեր ձեռքի տակ եղած ամբողջ գործիքակազմը, կապ չունի՝ դա հիմնավոր է, թե անհիմն է, ծառայեցնելու ենք, առնվազն ձեզ փորձելու ենք ջլատել, ձեր ռեսուրսները խլել», - «Ազատության» հետ զրույցում ասաց ահաբեկչության փորձի մեղադրանքով կալանավորված հոգևորականի փաստաբան Տաթևիկ Սողոյանը:

Սողոյանը զարմացել է, երբ տեղեկացել է Դատախազության այս մի հայցի մասին: Նույն այս պահանջը դեռ դեկտեմբերին դատարանը մերժել էր վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, Դատախազությունն էլ այդ որոշումը բողոքարկել էր Վերաքննիչ ատյան: Բայց Վերաքննիչի որոշմանը սպասելու փոխարեն Դատախազությունը նոր հայց է ներկայացրել:

«Չսպասելով գործի քննությանը, իհարկե՝ ակնհայտ էր, որ այդ վաղեմությունը սպառված է, ըստ էության նույն հայցը բերեցին այլ ձևակերպմամբ», - նշեց փաստաբանը:

Մինչ Սողոյանը նկատում է, որ Դատախազությունը նույն հարցը հիմա էլ այլ փաթեթավորմամբ է փորձում ներկայացնել, Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցում են՝ պահանջը նույնը չէ, փոխվել են իրավական հիմքերը:

Դեկտեմբերին դատարանում պարտություն կրած Դատախազությունն այն ժամանակ պահանջել էր անվավեր ճանաչել 2014-ին պաշտպանության նախարարության և ոմն Արտյոմ Սմբատյանի կիջև կնքված առուծախի պայմանագիրը և որպես դրա հետևանք՝ անվավեր ճանաչել նաև Գալստանյանի սեփականության իրավունքի գրանցումը: Հիմա Դատախազությունը խնդրել է դադարեցնել միայն արքեպիսկոպոսի սեփականության իրավունքը:

Ի՞նչ տարբերություն, հարցնում է Բագրատ սրբազանի փաստաբանն ու եզրակացնում՝ խլելով ազատությունը, փորձում են հիմա էլ ունեզրկել հոգևորականին, նրանից խլել միակ գույքը:

«Քաղաքացիները, մասնավոր անձինք իրավունք ունեն վստահելու պետական մարմինների կայացրած վարչական ակտերին և իրավունք ունեն, լեգիտիմ իրավունք ունեն տնօրինելու էդ սեփականությունը, մանավանդ էն սեփականությունը, որի նկատմամբ կատարել են բարելավումներ և ներդրումներ», - նշեց Սողոյանը:

Տավուշի թեմի նախկին առաջնորդն այդ հողատարածքն այլ անձից՝ Արտյոմ Սմբատյանից գնել է 2014-ին 400 հազար դրամով: Համավարակից հետո այն փակվեց, ու այժմ մսամթերքի արտադրության ներդրումների վարկային բեռն ընկած է հենց նրա ուսերին, նկատում է փաստաբանն ու հարցնում՝ ի՞նչ մեղք ունի հոգևորականը, որը որպես թեմի առաջնորդ գնել էր տարածքը, որ ներդրումներ անի, օգնի գյուղացիներին իրացնել մսամթերքը:

Տաթևիկ Սողոյանը պնդում է՝ այդ տարածքը երբեք զորանոց չի եղել, զորք այդտեղ չի տեղակայվել, պարզապես խորհրդային տարիներից եղել է հակակարկտային կայանների վայր ռազմական գերատեսչության ներքո:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բագրատ Գալստանյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակԲագրատ Գալստանյանը պնդում է՝ գործի հիմքում ապացույցներ չկանԴատախազը դժգոհել է Բագրատ սրբազանի քաղաքական ելույթներից, արքեպիսկոպոսն էլ՝ քրգործիցԲագրատ Գալստանյանի ու համախոհների գործով դատախազն այսօր թվարկեց ապացույցները, որոնց հիման վրա կազմել են մեղադրանքը