ԲՀԿ-ն կդիմի վերահաշվարկի համար

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը հայտարարել է, որ դիմելու է վերահաշվարկի համար:

ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնում է. «Կուսակցությունը օգտագործելու է իրավական բոլոր գործիքակազմերը և հետամուտ է լինելու ընտրախախտումների բացահայտմանը։ Ներկայումս վերջնականացվում են այն ընտրատեղամասերը, որոնցում պահանջվելու է վերահաշվարկ, ինչպես նաև քննարկվում են առանձին որոշումներ և գործողություններ բողոքարկելու հիմքերը»:

Տոնոյանը հայտնել է նաև, որ չեն բացառում նաև ընտրությունների արդյունքների բողոքարկումը. «հաշվի առնելով ընտրախախտումների այն հսկայական ծավալը, որին ականատես ենք եղել ամբողջ ընտրական գործընթացում»,- ընդգծել է Տոնոյանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամփոփած նախնական արդյունքներով՝ ԲՀԿ-ն չի հաղթահարել անցումային շեմը: Կուսակցությունը ստացել է 58 հազար 378 ձայն, 3.996 տոկոս:

Ըստ այս նախնական արդյունքների՝ ԲՀԿ-ին 0.004 տոկոս չի բավարարում անցողիկ 4 տոկոսի շեմը հաղթահարելու համար: