Ծառուկյանը չի աջակցի Քոչարյանին ու Փաշինյանին, Կարապետյանի դեպքում «կքննարկի»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը կգլխավորի Գագիկ Ծառուկյանը: Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը հայտարարել է, որ ԲՀԿ համագումարը հաստատել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ ընտրական ցուցակի առաջին երեք տասնյակ թեկնածուներին:

Ցուցակի երկրորդ համարում «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանն է: Ցուցակի հնգյակում է նաև նախկին արտգործնախարար Արա Այվազյանը:

«Իմ ժողովրդի ցանկությունը, որ ես լսում եմ ամեն օր, գնում եմ, հավաքել եմ մարդկանց, այն մարդկանց, որ տարբեր ոլորտների լավ ներկայացուցիչներն են, արդյունավետ աշխատողներն են, ձեռագիր ունեն, նույն մարդիկ են ասում՝ մեզ պաշտոն պետք չի, կարևորը պաշտոնը չի, կարևորը պետությունն է, ասում են՝ կարևորը մանդատը չի, կարևորն արդյունքն է: Այս սկզբունքով մենք շարժվում ենք», - լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ծառուկյանը:

ԲՀԿ առաջնորդն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ ունի վարչապետի չորս թեկնածու՝ առանց անուններ նշելու: «Անվանական ոչ մեկին խոսք չեմ տվել, մենք այսօր շատ ծանր վիճակում ենք, վարչապետ լինելը հաճույք չի, չարչարանք աշխատանք է, ով կարա լինի, ով այդ փորձն ունի ու իմ թիմն էլ կհամաձայնի այդ ազգանվան հետ, նա էլ կլինի»:

Հարցին՝ հաղթանակի դեպքում՝ մանդատը վայր է դնելո՞ւ, Ծառուկյանը պատասխանեց. «Հնարավոր է»:

«Վարչապետի թեկնածուն ես չեմ լինելու, բայց իմ կուսակցությամբ հետևելու ենք, ով կարող է անել, նա պետք է լինի», - ասաց Գագիկ Ծառուկյանը և նշեց ներկա և նախկին իշխանությունների հետ կոալիացիա չի պատկերացնում:

«Հինը պետք է դուրս գա, պետք է նորը», - նշեց նա:

«Ազատության» հարցին՝ «եթե ձեր միանալուց կախված լինի, արդյոք ընդդիմություն է իշխանության գալու, էլի չե՞ք միանա Քոչարյանի հետ», Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Եթե Քոչարյանը պետք է լինի վարչապետ, ոչ»:

Ինչ վերաբերում է գործարար Սամվել Կարապետյանին միանալուն, ԲՀԿ ղեկավարն ասաց՝ «մենք դա կքննարկենք»:

Թե ինչո՞ւ Ծառուկյանը չի սատարում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Ծառուկյանը պատասխանեց. «Մարդիկ հոգնել են, հարկավոր է նորություն, նորը պետք է լինի: Ինքը իրանը արել ա, թող ինքը հանգստանա, նոր դեմքեր լինեն»:

Այսօր ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը կգլխավորի քաղաքական ուժի խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը: «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակն Ազգային ժողովի ընտրություններին կգլխավորի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորելու է Ռոբերտ Քոչարյանը«Ուժեղ Հայաստանի» նախընտրական ցուցակը կգլխավորի Նարեկ Կարապետյանը