Բեռլինում Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ կասկածվող անձ է ձերբակալվել

Գերմանացի ոստիկան, արխիվ

Գերմանիայի դատախազությունը հայտարարել է, որ Բեռլինում ձերբակալվել է մի տղամարդ, որը կասկածվում է 2025 թվականի մայիսից Ռուսաստանի համար լրտեսություն կատարելու մեջ։

Ըստ դաշնային դատախազների՝ Ղազախստանի քաղաքացին կապ է ունեցել Ռուսաստանի գաղտնի ծառայությունների հետ։

Իշխանությունների տվյալներով՝ տղամարդը փոխանցել է տեղեկություններ Գերմանիայի կողմից Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցության, ինչպես նաև երկրի պաշտպանական արդյունաբերության մասին։ Այդ տեղեկությունները, մասնավորապես, վերաբերել են անօդաչու սարքեր և ռոբոտներ մշակող ընկերություններին։

Կասկածյալը նաև փոխանցել է Բեռլինում գտնվող պետական շենքերի լուսանկարներ և ավտոմայրուղիներով անցնող ռազմական շարասյուների պատկերներ, այդ թվում՝ «ՆԱՏՕ-ի շարասյունը»։

Ըստ գերմանական իրավապահ մարմինների տվյալների՝ ենթադրյալ լրտեսը նաև ռուսական կողմին տեղեկացրել է Գերմանիայում հնարավոր դիվերսիոն թիրախների մասին և առաջարկել է մարդկանց հավաքագրել։