Սերբիայի մայրաքաղաքում Իսրայելի դեսպանատան անվտանգությունն ապահովող ժանդարմերիայի աշխատակիցը հրազենով սպանել է իր վրա դանակներով հարձակված դեռահասին: Այս մասին հաղորդում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի բալկանյան ծառայությունը՝ հղում անելով Սերբիայի ներքին գործերի նախարար Իվիցա Դաչիչին:
Միջադեպը տեղի է ունեցել կեսգիշերից քառորդ ժամ անց: Ըստ նախարարի՝ երկու դանակներով զինված դեռահասը հարձակվել է ժանդարմի վրա՝ բացականչելով «Ալլահու Աքբար»: Ի պատասխան՝ ժանդարմը զենք է կիրառել և սպանել հարձակվողին:
Դաչիչը տեղի ունեցածը որակել է իբրև ահաբեկչություն: Ըստ նրա՝ անվտանգության ծառայությունները հետևել են կասկածյալին, և համաձայն առկա տեղեկատվության՝ նա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմնակից էր. դեռահասն իր Ինստագրամի էջում տեղադրել էր ԻՊ սև դրոշի և խորհրդանիշների նկարները:
Պահնորդը, նախարարի վկայությամբ, թեթև վիրավորումներ է ստացել:
Միջադեպից հետո Սերբիայի ներքին գործերի նախարարությունը բարձրացրել է անվտանգությանը սպառնալիքի մակարդակը՝ հասցնելով «կարմիրի», ինչը ենթադրում է ոստիկանական ներկայության և հսկողության ուժեղացում երկրի տարածքով մեկ առանցքային օբյեկտներում:
Հարձակումը տեղի է ունեցել Իսրայելի խորհրդարանական ընտրություններին հաջորդած գիշերը: