Բելգորոդում Ուկրաինայի հրթիռային հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել, կա հինգ վիրավոր

Ռուսաստանի սահմանամերձ Բելգորոդ քաղաքում Ուկրաինայի կողմից իրականացված հրթիռային հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել, հինգը՝ վիրավորվել, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնել է մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

Գլադկովը նշել է, որ այդ մարդիկ քաղաքում վնասված ջեռուցման և էլեկտրաէներգիայի ցանցերը վերականգնող անձնակազմի անդամներ էին։

Նա ավելի վաղ հայտարարել էր, որ հարձակումը լուրջ վնաս է հասցրել էներգետիկ օբյեկտներին, ինչպես նաև անջատվել են էլեկտրաէներգիայի, ջեռուցման և ջրամատակարարման համակարգերը։ Քաղաքի երեք բնակելի շենքեր վնասվել են։

Shot տելեգրամյան ալիքը հաղորդել է, որ բնակիչները հայտնել են քաղաքում մի շարք ուժեղ պայթյունների և հակաօդային պաշտպանության գործողությունների մասին։