Բելգիայի և Նիդերլանդների դեսպաններին Ադրբեջանի ԱԳՆ-ում բողոք են ներկայացրել

Ադրբեջանի ԱԳՆ շենքը Բաքվում, արխիվ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն են կանչվել Բելգիայի և Նիդերլանդների դեսպանները։

APA գործակալության փոխանցմամբ՝ հանդիպումների ընթացքում խիստ բողոք է ներկայացվել երկու երկրների խորհրդարանների կողմից ապրիլի 16-ին ընդունված փաստաթղթերի կապակցությամբ, որոնք գնահատվում են որպես «հերթական անպատասխանատու փորձ՝ ուղղված Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ գործընթացի խաթարմանը»։

Պաշտոնական Բաքուն փաստաթղթերը կեղծ է համարում և պնդում, թե սա ցույց է տալիս այդ կառույցներում խորապես արմատավորված կողմնակալ վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ։

«Բացի այդ, հանդիպումների ընթացքում կտրականապես և կոշտ կերպով մերժվել են բոլոր անհիմն մեղադրանքները, այդ թվում՝ Ադրբեջանի ինքնիշխան տարածքներին վերաբերող կեղծ հղումները, Հայաստանի տարածքային ամբողջականության ենթադրյալ խախտման վերաբերյալ պնդումները, ինչպես նաև հայկական ծագում ունեցող անձանց իրավունքների և նրանց իբր անօրինական կալանավորման վերաբերյալ մեղադրանքները։ Դեսպանների ուշադրությանն է ներկայացվել նաև, որ այդ փաստաթղթերի ընդունումը առանձնապես պարադոքսալ է թվում, քանի որ այն ժամանակային առումով համընկել է Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանների խոսնակների վերջին հանդիպմանը», - ասված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում։

Նախարարությունում կոչ են արել բելգիական և նիդերլանդական կողմերին արդյունավետ միջոցներ ձեռնարկել իրենց խորհրդարաններում «հակաադրբեջանական խմբերի» գործողությունները կանխելու համար, որոնք վնասում են երկկողմ հարաբերությունները։

Բելգիայի Ներկայացուցիչների պալատը Հայաստանին աջակցող և Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը սատարող բանաձևեր է ընդունել։