Բելգիան կրկին արգելափակում է ռուսական ակտիվները Կիևին փոխանցելու ծրագիրը

Բելգիայի դրոշը, արխիվ

Բելգիան կրկին արգելափակել է Ռուսաստանի՝ ԵՄ տարածքում գտնվող սառեցված ակտիվները Կիևին փոխանցելու ծրագիրը։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս Ուկրաինա» գործակալությունը՝ բելգիական աղբյուրները վկայակոչելով։

«Այս հարցը քննարկման ենթակա չէ», - այսօր հայտարարել է Բելգիայի պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենը՝ կոչ անելով ռուսական սառեցված ակտիվների բռնագանձման թեման արծարծող պետություններին զերծ մնալ նման քայլից։

«Բալթյան պետությունները, պարբերաբար այս թեման օրակարգ մտցնելով և մեզ դժվարին կացության մեջ դնելով, պետք է շատ զգույշ լինեն։ Լիտվան, Լատվիան և Էստոնիան չպետք է մոռանան, որ զգալի աջակցություն են ստանում Բելգիայից», - հայտարարել է Ֆրանկենը։

Պաշտոնական Բրյուսելը ընդդիմանում է ռուսական սառեցված ակտիվների՝ Կիևի օգտին բռնագանձմանը, քանի որ դրանց գրեթե 90 տոկոսը պահ է տրված Բելգիայի տարածքում գործող Euroclear հիմնադրամում։

Բելգիայի կառավարությունը նշում է, որ իր տարածքում գրանցված կազմակերպության միջոցների առգրավումը կհակասի միջազգային իրավունքի նորմերին և կարող է ծանր իրավական հետևանքներ ունենալ երկրի համար՝ մասնավորաբար Ռուսաստանի կողմից ներկայացվող արբիտրաժային հայցերի տեսքով։