Փաշինյանը մարտահրավեր նետեց «թույլիկ օլիգարխներին»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ է դնում ընտրություններում իր առանցքային մրցակիցների թե՛ մտավոր և թե՛ ֆիզիկական կարողությունները:
Փաշինյանն այսօր կոնկրետ մարտահրավեր նետեց, իր բնորոշմամբ, «թույլիկ օլիգարխներին»՝ միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանին և խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանին՝ առաջարկելով հենց ուղիղ եթերում ցույց տալ, թե որքանով են նրանք իրենից ուժեղ. «Մի հատ հասկանանք՝ իրենք ինչով են ուժեղ, մենք ինչով ենք թույլ: Եթե էդ օլիգարխները կարող են 30 անգամ ձգվեն, թող ուղիղ եթերում 30 անգամ ձգվեն, ես չեմ կարող 30 անգամ ձգվել, բայց կարող եմ 100 կմ հեծանիվ քշեմ: Թող գան, իրենք ձգվեն, ես հեծանիվ քշեմ»
Թող գան, իրենք թող ձգվեն, ես հեծանիվ քշեմ, ես հեծանիվից եմ ուժեղ»:
«Մենք այլոց թելադրած մտացածին օրակարգերի մեջ չենք ներքաշվելու»
Կընդունի՞ արդյոք Գագիկ Ծառուկյանը Փաշինյանի սպորտային մարտահրավերը: Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը իր հեծանվային կարողություններով հպարտացող Փաշինյանին հիշեցնում է՝ ԲՀԿ առաջնորդը ժամանակին հռչակվել է Բազկամարտի աշխարհի չեմպիոն և այսօր էլ շարունակում է ամենօրյա մարզումները:
Ծառուկյանի խոսնակը միաժամանակ շեշտում է՝ Հայաստանի խնդիրները ձգումներով, հեծանվավազքով կամ ինչ-որ բան ուտելու մրցավազքով չէ, որ պետք է լուծվեն:
«Մենք այլոց թելադրած մտացածին օրակարգերի մեջ չենք ներքաշվելու:
Գագիկ Ծառուկյանը Բազկամարտի աշխարհի չեմպիոն է եղել, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահն է, առողջ ապրելակերպի ջատագով, սիրահար, ամենօրյա ռեժիմով մարզվող, այսինքն՝ իր կենսակերպով Գագիկ Ծառուկյանը ամենօրյա ձևաչափով է ցույց տալիս առողջ ապրելակերպի կարևորությունը, այլ ոչ թե իմիտացիոն գործընթացներով», - ասաց նա։
Հարցին, թե «այսինքն՝ եթե սպորտի առումով մրցակցություն լինի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, նա դժվար թե տանուլ տա՞ սպորտային այդ մրցակցության մեջ», Տոնոյանն արձագանքեց. «Գագիկ Ծառուկյանը որևէ մեկի հետ մրցակցության մեջ չի պատրաստվում մտնել, բայց Գագիկ Ծառուկյանի սպորտային ձեռքբերումներն ու հաջողությունները անքննելի են»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ IRI. «Քաղաքացիական պայմանագրի» օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 24 տոկոսը»Գագիկ Ծառուկյանին ու նաև Սամվել Կարապետյանին ուղղված Փաշինյանի այսօրվա չելենջը, սակայն, միայն սպորտային կարողություններին չէր վերաբերում, վարչապետը առաջարկում է նաև մտավոր բաթլ անցկացնել՝ կրկին ուղիղ եթերում:
«Ուրիշ ինչի՞ց են ուժեղ։ Ուրիշ ինչի՞ց են։ Ինտելեկտի՞ց են ուժեղ։ Թող մտնեն ուղիղ եթեր, իրենց ինտելեկտը ցույց տան։ Թող իրենց ինտելեկտուալ կարողությունները ցույց տան, թող իրենց բառապաշարը ցույց տան։ Ես համոզված եմ, որ երկու օլիգարխներն էլ թույլիկ են և՛ վերլուծական մտքով, և՛ բառապաշարով», - ասաց Փաշինյանը:
Ավելի ուշ արդեն իր աշխատասենյակից Փաշինյանը կոնկրետ աշխարհագրական գիտելիքները ստուգելու մարտահրավեր նետեց. «Ուղիղ եթերում առանց կողմնակի օգնության ասեք՝ ո՞րն է Իսպանիայի մայրաքաղաքը, և ես կընդունեմ, որ սուպերինտելեկտուալ եք, ուժեղ ինտելեկտուալ»:
Ծառուկյանի մտավոր կարողությունները կասկածի տակ դնող վարչապետին ԲՀԿ առաջնորդի խոսնակը հիշեցնում է՝ 2018-ի հեղափոխությունից հետո իշխանության եկավ մի թիմ, որի մեծամասնությունն անգամ աշխատանքային գրքույկ չուներ, ինչի արդյունքը, Տոնոյանի խոսքով, բոլորը տեսան իրենց մաշկի վրա. «Այդ թիմի ղեկավարի ասածների լավագույն վկայությունն ու արդյունքը այսօրվա ՀՀ իրավիճակն է՝ իր պատմական աղետներով, իր գոյաբանական խնդիրներով»:
«Ուժեղ Հայաստանից» օգնություն են առաջարկում
Փաշինյանը, որ այսօր հորդորում էր մրցակիցներին ուղիղ եթերում ի ցույց դնել իրենց մտավոր կարողությունները, ևս մեկ անգամ պնդեց, թե տնային կալանքի տակ գտնվող «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը զրկված չէ ուղիղ եթերում խոսելու հնարավորությունից:
Մինչդեռ Կարապետյանի փաստաբանները շարունակ պնդում են, թե միլիարդատեր գործարարը ոչ թե խուսափում է հրապարկային խոսքից, այլ պարզապես ֆեյսբուքյան լայվեր անելու հնարավորություն չունի, քանի որ սահմանափակումների տակ է: Ավելին, ինչպես Կարապետյանի թիմակից փաստաբան Արամ Վարդևանյանն էր օրերս պնդել, «պրոբացիայի ծառայությունն այդպես էլ իրենց դիրքորոշում չի տրամադրել, որ Սամվել Կարապետյանը կարող է տեսաուղերձներ հրապարակել»:
«Պրոբացիան պաշտոնապես հրապարակել է, որ կարող է Սամվել Կարապետյանը մտնել ուղիղ եթեր, թողեք մտնի ուղիղ եթեր, ասի՝ ինչ է ասում», - հայտարարեց Փաշինյանը:
Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանից» այսօր հակիրճ են արձագանքել Փաշինյանին՝ պարզապես առաջարկելով իրենց օգնությունը:
«Մենք լիովին հասկանում ենք իրեն: Նիկոլ Փաշինյանը շատ լավ տեսնում ու գիտակցում է, թե ինչ է կատարվում: Վերջին սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ նա շուտով՝ 2 ամսից, լքելու է պաշտոնը: Նրա արձագանքը շատ բնական է. Փաշինյանը խուճապի մեջ է և ունի դրա հիմքերը: Եթե օգնության կարիք ունի, պատրաստ ենք օգնել», - նշել է կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը:
Կարապետյանին թույլատրվել է Ֆեյսբուքով ուղերձ հղել
Քննչական կոմիտեից ավելի ուշ «Ազատությանը» հայտնել են, որ Սամվել Կարապետյանին թույլատրվում է Ֆեյսբուքով տեսաուղերձ հրապարակել՝ բավարարելով գործարարի պաշտպան Արամ Վարդևանյանի դիմումը:
Վերջինս միջնորդել էր Սամվել Կարապետյանի կողմից տեսաուղերձով հանդես գալու թույլտվություն ստանալ:
ՔԿ-ն, մասնավորապես, նշում է, որ թույլատրվել է մեղադրյալ Կարապետյանին «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական գործունեության, ծրագրերի և մոտեցումների ներկայացման համատեքստում Ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակել տեսաուղերձ:
Կարապետյանը մեղադրյալի աթոռին հայտնվեց անցած տարվա հունիսին, երբ հայտարարեց իշխանության թիրախում հայտնված Հայ Առաքելական եկեղեցին «իր ձևով» պաշտպանելու մասին: Իշխանությունը զավթելու հրապարակային կոչից բացի, գործարարին մեղադրում են փողերի լվացման հոդվածով:
«Իրենք ուժեղ են իրենց աշխատած փողերո՞վ»
Փաշինյանը մինչդեռ այսօր կասկածի տակ դրեց նաև Ծառուկյանի ու Կարապետյանի կուտակած հարստության օրինականությունը:
«Իրենք ուժեղ են իրենց աշխատած փողերո՞վ, իրենք իրենց փողերը աշխատել են իրենց կոռուպցիոն պապաների միջոցով: Իրենք թույլ են որպես բիզնեսմեն, իրենք թույլիկ են, իրենց փողերի մի հսկայական մասն իրենցը չէ, օտարերկրյա կոռուպցիոն համակարգերինն է», - նշեց նա:
ԲՀԿ առաջնորդի խոսնակը վարչապետի այս մեղադրանքներին ի պատասխան՝ հիշեցնում է Գագիկ Ծառուկյանին վերագրվող հայտնի կաշառքի գործը, երբ 2020-ին Ծառուկյանն այդ մեղադրանքով զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից, ապա կալանավորվեց և 6 տարի ձգված քննությունից հետո խոշոր գործարարը դատարանի կողմից արդարացվեց: Կարապետյանները Փաշինյանի կոռուպցիոն մեղադրանքներին չեն արձագանքել: