Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, հայտնում է ադրբեջանական APA-ն՝ հղում անելով երկրի ԱԳՆ-ին:
Նրանք մտքեր են փոխանակել նաև Մերձավոր Արևելքում և այլ տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումների, նոր աշխարհաքաղաքական իրողությունների և ընթացող հակամարտությունների շուրջ։ Ըստ հաղորդագրության, Ֆիդանն ու Բայրամովը վերահաստատել են իրենց ընդհանուր համոզմունքը, որ հակամարտություններն ու ռազմական բախումները պետք է կարգավորվեն քաղաքական և դիվանագիտական միջոցներով։
Ֆիդանին այսօր ընդունել է նաև Ադրբեջանի նախագահ Իլխամ Ալիևը: Նրանք անդրադարձել են էներգետիկ ոլորտում համագործակցության կարևորությանը, մտքեր փոխանակել դեպի էներգակիրների միջազգային այլընտրանքային շուկաներ տանող նոր երթուղիների շուրջ։
Ալիևն ու Ֆիդանը քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների հեռանկարները, անդրադարձել տարածաշրջանային խնդիրների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։