Բայդենը Սպիտակ տանն ընդունել է Վլադիմիր Կարա-Մուրզային

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի օրը Սպիտակ տանն ընդունել է ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Վլադիմիր Կարա-Մուրզային և նրա ընտանիքին՝ ողջունելու ընդդիմության առաջնորդի վերադարձն ԱՄՆ, փոխանցում է «Ամերիկայի ձայն»-ը։

Կարա-Մուրզան ռուսական բանտից ազատ արձակվեց օգոստոսի 1-ին՝ Ռուսաստանի և Արևմուտքի միջև կալանավորների վերջին փոխանակման շրջանակներում։

Ավելի վաղ Washington Post-ին տված հարցազրույցում ընդդիմադիր քաղաքական գործիչը կարծիք էր հայտնել, որ պուտինյան ռեժիմի տապալումից հետո ռուս ժողովուրդը մեծ աշխատանք ունի անելու՝ սխալներն ուղղելու համար։ Նա, մասնավորապես, ասել էր, որ առաջնահերություններից պետք է լինի ռուս հասարակաությանը տեղի ունեցած իրադարձությունների մասին ճիշտ տեղեկություններ փոխանցելը, ինչպես նաև կարևորել էր տեղի ունեցածի համար հանրային պատասխանատվության անհրաժեշտությունը:

Ռուսաստանի դեմոկրատական ապագայի վերաբերյալ իր հոդվածների համար, որոնք Կարա-Մուրզան գրել է Washington Post-ի համար, բանտում գտնվելու ընթացքում, արժանացել է Պուլիցերյան մրցանակի։

Կարա-Մուրզան 2023-ի ապրիլի 17-ին Ռուսաստանում դատապարտվել էր 25 տարվա ազատազրկման լրտեսության և բանակի մասին ապատեղեկատվություն տարածելու մեղադրանքով։ Սակայն, ընդդիմադիր գործիչն ու նրա համախոհները վստահ են, որ իրեն հետապնդել են բացառապես իր քաղաքական հայացքների համար։

Բացի Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից, Կարա-Մուրզան ունի նաև ամերիկյան գրին քարտ (ԱՄՆ-ում մշտական ապրելու իրավունք):

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կարա-Մուրզան, Յաշինը և Պիվովարովը խոստանում են շարունակել պայքարել հանուն ժողովրդավարական Ռուսաստանի