«Բացատրություններ այլևս չպետք է լինեն». Ավինյանը՝ շինհրապարակների խախտումների մասին

Արխիվային լուսանկար

Մալխասյանց համալիրի բնակիչների անունից «Ազատությանը» դիմած բնակիչը, որ գերադասեց չներկայանալ, պատմում է, որ հարակից շինարարության հետևանքով մաքուր օդ չեն կարողանում շնչել:

«Առհասարակ ապրում ենք փոշու մեջ, անհնար է պատուհան բացել, պատշգամբից ընդհանրապես չենք կարողանում օգտվել, ու կոմիտասյան երեկոյան քամիների ժամանակ մենք ուղղակի փոշու մառախուղի մեջ ենք ապրում», - ասում է բնակիչը, - «Կոմիտասի տարածքում փորում են, քարերը մեծ հանում են ժայռոտ, հենց բացօթյա նույն տարածքում էդ քարերը մանրացնում են, ու հենց էդ տարածքում բացօթյա լցրած է էդ ավազը, սարեր են ուղղակի ավազի մի քանի: Քանի անգամ «Ակտիվ քաղաքացի» հավելվածով դիմել ենք, պատասխանը ընդամենը լինում է՝ «եկել ենք, ստուգել ենք, արձանագրություն ենք կազմել, տուգանել ենք», ու վերջ: Ու մենք ամեն օր էդ փոշու մեջ ենք ապրում: Պատուհանը բացում ես՝ հատակին ու կահույքին տաս րոպե հետո ոչ թե փոշի՝ ավազ է նստած ուղղակի»:

Երևանի ավագանու որոշմամբ՝ շինհրապարակները պետք է պատշաճ կահավորված լինեն։ Դրանցից դուրս եկող մեքենաները պետք է անցնեն լվացման էստակադաներով, որ մաքուր անիվներով տարածքից դուրս գան: Շինհրապարակներում պետք է կիրառվեն նաև ջրցան համակարգեր՝ փոշու տարածումը կանխելու համար։ Շինհրապարակները պետք է օդի որակի չափիչ սարքեր ունենան, իսկ կառուցվող շենքերը՝ պատված լինեն փոշեկլանիչ ցանցերով։

Երևանյան շինհրապարակներից քչերն են այս կարգը պահպանում, «Ազատություն»-ը բազմիցս է արձանագրել այդ բացթողումները: Օրերս գործակարգավարական նիստում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց՝ Երևանի նոր ՏԻՄ օրենքի փաթեթով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ են կատարվել, ըստ որոնց՝ խստացվել է շինհրապարակների կազմակերպման վերահսկողությունը:

«Այլևս ես չպետք է լսեմ և տեսնեմ բացատրություններ, թե ինչու որևէ մի շինարար պատշաճ կերպով չի իրականացրել իր կահավորումը: Որովհետև հիմա ձեր ձեռքին կան գործիքներ, որպեսզի ամբողջ քաղաքով դուք կազմակերպեք, որ բոլոր շինհրապարակները պատշաճ կահավորված լինեն», - ասաց Ավինյանը:

«Պահանջների խախտման դեպքում որևէ արդարացում կամ բացատրություն չի ընդունվելու», - ընդգծեց քաղաքապետը:

Կառուցապատողներին հսկելու է Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը: Ավետ Բաբայանը, որ այդ ծառայությունն է ղեկավարում, ասաց՝ իրենք կարողանում էին կարգազանցների նկատմամբ միայն վարչական արձանագրություններ կազմել՝ տուգանելով նրանց 70-100 հազար դրամի չափով։ Ըստ նրա՝ կառուցապատողների մեծ մասը հրաժարվում էր կատարել պահանջները, քանի որ տուգանքի չափն ավելի ցածր էր, քան պահանջների կատարման համար անհրաժեշտ ծախսերը: Բաբայանի խոսքով՝ նոր կարգավորումներով պատկան մարմիններն արդեն կարող են ոչ միայն բարձր տուգանքներ կիրառել, այլև անհրաժեշտության դեպքում կասեցնել շինարարական աշխատանքները։

Քաղաքապետարանի տարածած կարճ տեսանյութում տուգանքների նոր թվերն է հնչեցնում պաշտոնյան. - «Առաջին անգամ՝ 1.5-2 միլիոն դրամ, պահանջները չպահպանելու դեպքում հաջորդը լինելու է 3-4 միլիոն դրամ, և Երևան համայնքը արդեն ունի շինարարությունը կասեցնելու լիազորություն: Առաջին իսկ անգամ կասեցվելու է 5 աշխատանքային օր, չպահպանելու և չվերականգնելու դեպքում լինելու է 10 աշխատանքային օր, նորից չպահպանելու դեպքում՝ արդեն 30 աշխատանքային օր»:

Նոր փոփոխություններով խստացվել են նաև ոչ բնակելի շինհրապարակների կազմակերպման պահանջները։ Սահմանված կանոնները չպահպանելու դեպքում առաջին անգամ նախատեսվում է 300-ից մինչև 500 հազար դրամ տուգանք, կրկնվելու դեպքում՝ 600 հազարից մինչև 1 միլիոն դրամ:

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի կարծիքով՝ գործող իրավական կարգավորումներն արդեն բավարար էին պատշաճ վարչարարություն իրականացնելու համար։

«Ոչ թե գործիքակազմի պակասի խնդիր կար, այլ բարեխիղճ կերպով սեփական պարտականությունները կատարելու կրիզիս կար, և ես կարծում եմ, որ դա շարունակվելու է», - «Ազատության» հետ զրույցում ասաց ավագանու ընդդիմադիր անդամը:

Վերջին տասնամյակում Երևանում զգալիորեն աճել է կառուցապատման տեմպը: Քաղաքապետարանի տվյալների համաձայն՝ 2014 թվականին շինթույլտվությունների թիվը կազմել է 1 430, իսկ 2023-ին հասել 4 448-ի՝ ավելի քան եռապատկվելով։ Թե սրանցից քանիսն է բազմաբնակարան շենք, քաղաքապետարանի կայքում հստակ նշված չէ։ Իսկ միայն այս տարի Երևանի քաղաքապետարանը 40 շինթույլտվություն է տվել բնակելի 65 բարձրահարկերի համար։

Ըստ ավագանու ընդդիմադիր անդամի՝ քաղաքային իշխանությունը կառուցապատողի հետ առաջին իսկ հանդիպումից սկսած պետք է խիստ դնի այս պահանջները:

«Քաղաքը մեծացնում դարձնում ես, իրենց իսկ խոսքերով, գրեթե 1 միլիոն 200 հազարի հասնող բնակչության, դու էդտեղ պետք է տիրապետես նաև վերահսկողական գործիքների և գնաս դրա հետևից, ոչ թե ստեղծես մի հատ քաոս, մեկ էլ նիստերի ժամանակ հոխորտաս շինարարների վրա՝ «կտուգանեմ, կպատժեմ»: Երբ որ նաև հանդիպումներ են լինում խոշոր կառուցապատողների հետ քաղաքային իշխանության կողմից, ահա այդ շրջանակներում պետք է էդ հարցը քննարկվի և լուծվի և ոչ թե հասարակության առաջ, էսպես, քաջ Նազար կտրելու և սպառնալիքներով աշխատանքի իմիտացիա ստեղծելու էդ տարբերակով», - ընդգծեց Սուքիասյանը:

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետը համաձայն չէ ընդդիմադիրների գնահատականներին, ասում է՝ նախկին գործիքները բավարար չէին, իսկ նոր կարգավորումներն ավելի լայն հնարավորություններ են իրենց տալիս։

Վերջին տվյալներով՝ ապրիլին շինհրապարակների պահանջների խախտումների համար կազմվել է 122 արձանագրություն։ Դրանցից 41-ը վերաբերել է փոշեկլանիչ ցանցերի, իսկ 22-ը՝ օդի աղտոտվածության չափիչ սարքերի բացակայությանը։

Քաղաքապետ Ավինյանի խոսքով՝ Երևանի օդի որակի վրա ազդում են նաև քաղաքի աշխարհագրական և բնակլիմայական պայմանները, իսկ փոշու մակարդակն առավելապես բարձրանում է նոյեմբերից։ Նրա պնդմամբ՝ եթե շինարարությունը լիներ օդի աղտոտվածության հիմնական պատճառը, ապա փոշու ամենաբարձր ցուցանիշները կգրանցվեին հենց հունիս-հուլիսին, սակայն 175 չափիչ սարքերի տվյալները դա չեն հաստատում։

Քաղաքապետարանի օդի որակի քարտեզի համաձայն՝ այս պահին միայն Դավթաշենում է օդի որակը գնահատվում անառողջ, հատկապես զգայուն խմբերի համար, 16 հասցեներ քարտեզում կանաչով են նշված, ասյինքն՝ օդը մաքուր է, իսկ մնացած դիտակետերում օդը չափավոր է աղտոտված:

Այս քննարկումներին զուգահեռ, «Ազատությանը» դիմած քաղաքացին հույսը կորցրել է, որ իրենք երբևէ մաքուր օդ կշնչեն. - «Ես չգիտեմ՝ սրա լուծումը լինելու է՞, թե՞ ոչ»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ավինյանն առաջարկում է կանաչապատում Երևանից դուրս. ընդդիմությունը քաղաքում կտրած ծառերն է հիշեցնում Երևանում օդի աղտոտվածությունը մտահոգիչ է մնումԹթվածին չկա, փոշին խեղդում է. Երևանի օդի աղտոտվածությունը զայրացրել է քաղաքացիներինԵրևանը նախորդող տարիներին մոտեցել է օդի աղտոտվածության կարմիր գծին, երբեմն նաև անցել սահմանը