Բարեգործության շուրջ մեղադրանքներ իշխանությունից ու ընդդիմությունից. Հակակոռուպցիոնն ուսումնասիրում է մի քանի դեպք

Խորհրդարանական ընտրություններից երեք ամիս առաջ իշխանությունն ու ընդդիմությունն արդեն բարեգործության արգելքի խախտումների համար իրար են մեղադրում: Մի քանի այդպիսի դեպքերի այսօր խորհրդարանում անդրադարձավ ընտրական հանցագործությունները քննող Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը: Ահազանգերից մեկը, որ հնչեցնում են ընդդիմադիրները, վերաբերում է վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամին:

Օրերս այս հիմնադրամը 30 հոգու անգլերենի դասընթացներ է խոստացել: Արդյոք այսպես խախտվե՞լ է քրեորեն պատժելի արարք համարվող բարեգործության արգելքը: Արթուր Նահապետյանը հրաժարվեց ասել՝ փորձելով բացատրել, թե ինչու:

«Կոնկրետ ձեր ասած դեպքով մենք հաղորդում Հակակոռուպցիոն կոմիտեում չունենք այս պահին, բայց վաղը, մյուս օր եթե ունենանք հաղորդում, և եթե հիմա ես ձեր հարցին պատասխանեմ ու ասեմ՝ իրավական առումով այստեղ ունենք բարեգործության արգելքը խախտելու հանցակազմ կամ չունենք, դրանով ես ինձ կանխորոշում եմ, որպեսզի հետագայում իրավական պրոցեսներում համապատասխան ճիշտ իրավական որոշում, գնահատական տրվի։ Եթե մենք ունենանք ձեր ասած դեպքով հաղորդում կամ ունենանք ստուգողական գործողություններ, մենք դրանով կկայացնենք համապատասխան դատավարական որոշում, և հանրությունը կիրազեկվի պատշաճ», - ասաց նա։

Իսկ ի՞նչ քայլեր են իրականացվել իշխանականների ահազանգերի առնչությամբ, որոնք պնդում են, թե բարեգործության արգելքը խախտել են գործարար Սամվել Կարապետյանի թիմից՝ մոտ 100 ուսանողի խոստանալով վճարել մեկ տարվա ուսման վարձ: Այս մի դրվագով, պարզվեց, Հակակոռուպցիոն կոմիտեն քայլեր ձեռնարկում է:

«Այդ տեսանյութը ևս ուսումնասիրվում է», - ասաց նա։

Մինչ այդ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հայտնել էր, թե ուսումնասիրում են նաև Սյունիքի մարզպետի որոշման հանգամանքները, որով ընդհանուր առմամբ մոտ մեկ միլիոն դրամ է բաժանվել մարզի մոտ երեք տասնյակ բնակչի։ Այս որոշումը Ռոբերտ Ղուկասյանը կայացրել է կրկին այն փուլում, երբ արդեն նշանակվել էր խորհրդարանական ընտրությունների օրը, և սկսել էր գործել բարեգործության արգելքը։

«Կոնկրետ այս օրինակով մենք ունենք ստուգողական գործողություն Հակակոռուպցիոն կոմիտեում և ստուգում ենք, թե տվյալ պաշտոնատար անձը կուսակցության անդամ է հանդիսանում, չի հանդիսանում, այդ գումարը բաշխվել է համապատասխան դիմումների հիման վրա քաղաքացիների, թե ոչ, ինչ նպատակ է հետապնդել այդ գումարի բաշխումը: Երբ որ ավարտական ունենանք, արդեն ստուգողական գործողությունները ունենանք ավարտական պրոցես, դրա մասին հանրությունը կիրազեկվի կոնկրետ ձեր ասած դեպքում», - վստահեցրեց նա։

Ընտրական օրենսգրքով՝ հանրապետության նախագահի կողմից ընտրությունների նշանակման պահից սկսած այն կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են ասոցացվել ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումների հետ, կամ ղեկավարվում են այդ կուսակցությունների կողմից, մինչև ընտրության արդյունքների ամփոփումը չեն կարող բարեգործություն անել: Այս արարքը ենթադրում է երեքից վեց տարի ազատազրկում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ազգային ժողովի ընտրությունները նշանակվեցին հունիսի 7-ին

Լրագրողները դարձյալ հարցրին՝ ինչո՞ւ չի ցանկանում խոսել վարչապետի տիկնոջ հիմնադրամի հայտարարությունից, գուցե կաշկանդվա՞ծ է. այս դիտարկումը վրդովեցրեց Արթուր Նահապետյանին, և եթե րոպեներ առաջ պնդում էր, թե Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամի հայտարարության մասին հաղորդում չեն ստացել, արդեն հակառակը հայտարարեց. «Բոլոր դեպքերում ուսումնասիրվում է»:

Իսկ արդյոք այս կարգավորումը որպես մահակ չի՞ կիրառվի ընդդիմադիրների նկատմամբ, Նահապետյանը պնդեց, թե ոչ: Բերեց Վաղարշապատի ընտրություններում դպրոցի ՔՊ-ական տնօրենի օրինակը, որը բարեգործություն էր արել հենց քարոզարշավի փուլում: Նրան մեղադրանք առաջադրվեց, գործն այժմ դատարանում է. «Ձեր այն մեկնաբանությունը, որ կախված, թե որ կուսակցությունից է, և ըստ այդմ էլ նաև որոշում կայացնենք, դա իրականության հետ կապ չունի»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գեղակերտի դպրոցի ՔՊ-ական տնօրենի նկատմամբ տնային կալանք է կիրառվել

Որ ընտրական գործընթացին վերաբերող այս կարգավորումը իրավապահներին մեկնաբանության լայն հնարավորություն է ընձեռում, «Ազատության» հետ զրույցում, ըստ էության, չէր հերքել նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը:

«Այս կարգավորումը քանի որ նոր է մեր կյանքում, պրակտիկայում կիրառվում, նաև այստեղ խնդիր կա։ Նաև նույն իրավապահների, նույն Հակակոռուպցիոն կոմիտեի, նույն դատախազության գնահատելու, վերլուծելու, ըստ իրավիճակների հասկանալու... օրինակ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը կարող է յուրովի, հետո դատախազը կարող է ինքը յուրովի, հետո էլ հլը մի հատ էլ դատավորը ոնց ինքը այդ ամեն ինչին կնայի»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԺ ընտրություններում կոալիցիա կազմելու սահմանափակում չի լինի. ի՞նչ փոփոխություններ են ուժի մեջ մտել

Նախընտրական քարոզարշավը պաշտոնապես կմեկնարկի մայիսի 8-ին, մինչ այդ ԿԸՀ-ն պետք է հաստատի մասնակից քաղաքական ուժերի ընտրացուցակները: