Բարամիձեն կալանավորվեց

Վրաստան - Գիորգի Բարամիձեի ձերբակալությունը, Թբիլիսի, 11-ը սեպտեմբերի, 2026թ.

Թբիլիսիի դատարանը բավարարել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Գիորգի Բարամիձեին կալանավորելու միջնորդությունը, հաղորդում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը:

Բարամիձեին, ով Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության օրոք մի շարք առանցքային պաշտոններ է զբաղեցրել Վրաստանի կառավարությունում և խորհրդարանում, այդ թվում՝ տարբեր տարիների եղել է վարչապետի պաշտոնակատար, փոխվարչապետ, Եվրատլանտյան ինտեգրման գծով պետնախարար, խորհրդարանի փոխխոսնակ, ներքին գործերի նախարար, պաշտպանության նախարար, մեղադրում են պետական դավաճանության և երկրի պետական շահերին սպառնալիք ստեղծելու մեջ:

Ընդդիմադիր գործչին ձերբակալել էին ուրբաթ երեկոյան իր տանը:

Բարամիձեի նկատմամբ հետապնդման առիթ է դարձել մի հեռուստահաղորդման ժամանակ նրա արտահայտությունը: Խոսելով 1992-93 թվականների վրաց - աբխազական պատերազմից՝ ընդդիմադիր գործիչը հայտարարել է, թե վրացի զինվորականները գերեվարելու փոխարեն «վերջ էին տալիս» մարդկանց: Ինքը Բարամիձեն պնդել է, թե իր բառերը սխալ են մեկնաբանվել, և ինքը նկատի չի ունեցել, թե վրացի զինվորները գնդակահարել են գերիներին:

Գիորգի Բարամիձեն և կուսակիցները քաղաքական են համարում նրա նկատմամբ հետապնդումը:

«Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը ստեղծվել է 2001 թվականին Սաակաշվիլիի կողմից, Վրաստանի իշխող կուսակցությունն էր 2002-ից մինչև 2012 թվականը, երբ իշխանության եկավ Իվանիշվիլիի «Վրացական երազանք»-ը:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վրաստանում ձերբակալվել է ընդդիմադիր առաջորդներից Գիորգի Բարամիձեն