Բանկային զեղծարարությունների՞, թե՞ միայն դրանցից բողոքների թիվն է նվազել

Կենտրոնական բանկի շենքը Երևանում, արխիվ

Բանկային զեղծարարությունների թիվը վերջին շրջանում նվազել է, պնդում են թե՛ Բանկերի միության նախագահը, թե՛ Կենտրոնական բանկի փոխնախագահը, թեև՝ առանց վիճակագրական տվյալների: Ասում են՝ այդպիսի եզրակացություն անում են, քանի որ բողոքներն ու դիմումներն են նվազել:

Բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանի համոզմամբ՝ անցած տարի խնդիրն ավելի սուր էր, այս տարի՝ համեմատաբար ավելի մեղմ:

«Ուղղակի վերջին մեր ժողովի ժամանակ բանկերի ղեկավարները երբ որ զրուցում էինք, զգացական մակարդակում իրենք էլ են ասում, որ նվազել է: Էդ խնդիրը շատ ավելի սուր էր անցյալ տարի, և մենք՝ Բանկերի միությունը, տասնյակ նամակներ և բողոքներ էինք ստանում: Էդ ընթացքում մենք շատ սերտ աշխատել ենք բանկերի հետ, նույնիսկ կառավարման տարբեր օղակների հետ, Ազգային ժողովի պատգամավորների, և կոնցեպտուալ որոշակի հարցերի լուծումներ ենք տվել: Էս ընթացքում դադարել են նամակները գալ», - ասաց Ազատյանը:

Կենտրոնական բանկ ստացվող բողոքներն էլ են նվազել, իրենց տվյալներն է բերում ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը՝ դա կապելով նաև վերջերս՝ մոտ մեկ ամիս առաջ կիրառված ստոպ գործիքի հետ, որի միջոցով քաղաքացին ինքը կարող է արգելափակել իր հաշիվներից վարկեր ձևակերպելը:

«Մենք ստանում ենք նաև, բողոքների մեր սեփական կանալը ունենք, որ քաղաքացիները դիմում են նաև Կենտրոնական բանկ, և նվազում տեսնում ենք: Փաստացի խարդախության դեպքերն էլ են նվազել, խարդախության փորձերն էլ», - նշեց Խաչատրյանը:

«Հանրային վերահսկողություն» հասարակական կազմակերպության ղեկավար Մհեր Կարագյոզյանը, ով բանկային զեղծարարություններից տուժածների իրավունքներով է զբաղվում, ասում է՝ վերջին մեկ տարվա ընթացքում իրենք 123 ահազանգ են ստացել: 2021 թվականից սկսած նման ահազանգերի թիվն արդեն անցնում է 1700-ից: Իսկ բանկերի ստացած բողոքների թվի նվազումը, ըստ Կարագյոզյանի, մեխանիկորեն չի ենթադրում զեղծարարության դեպքերի նվազում:

«Եթե մատնանշում են, որ բողոքների թիվն է նվազել, սա չի նշանակում, որ բանկերում տեղի ունեցած կիբեռհանցագործությունների և զեղծարարությունների թիվն է նվազել: Ինչի՝ որովհետև շատ հաճախ քաղաքացիները, քանի որ անարդյունավետ են տեսնում բողոքը, հետևաբար՝ շատ հաճախ, և բազմաթիվ դեպքեր մենք ունենք, որ քաղաքացիները ձեռնպահ են մնում բողոքը ներկայացնելուց, որովհետև բողոքը ներկայացնելուց հետո, էդ ծանր, էդ դժվարին ճանապարհն անցնելուց հետո քաղաքացիները չեն հանդիպում որևէ դրական արդյունքի», - ասաց Կարագյոզյանը:

Արդարադատության նախկին նախարար, իրավաբան Արփինե Հովհաննիսյանը ևս բանկային զեղծարարությունների դեպքերին ու դրանց արձագանքներին է ակտիվ հետևում: Ասում է՝ եթե նույնիսկ դեպքերի մասին հանրային աղմուկը վերջին տարում 2025-ի համեմատությամբ փոքր ինչ պակասել է, ապա դա չի նշանակում, որ վտանգն անցնում է. նման զեղծարարություններով զբաղվողներն անընդհատ նոր մեխանիզմներ են փորձարկում: Հովհաննիսյանի էջում այս թեմայով գրառման տակ հարյուրավոր մեկնաբանություններ կան:

Օրինակ՝ օգտատերերից մեկը պատմում է, որ 2025 թվականի փետրվարին 35 հազար դրամի վարկ է ձևակերպել բանկերից մեկի վարկային գիծն օգտագործելով, իսկ երկու օր անց ամբողջ հասանելի սահմանաչափը՝ 245 հազարն են իր անունից օգտագործել: Իրավապահները մինչ օրս հանգամանքները չեն պարզել, բանկը վարկը միայն սառեցրել է:

Մեկ այլ օգտատեր պատմում է, թե ինչպես է հավատացել հեռախոսային օպերատորի աշխատակից ներկայացած անձին ու ավելի արագ ինտերնետ ունենալու ակնկալիքով՝ զանգահարողի հրահանգներով սեփական հեռախոսում փոփոխություններ կատարել, հայտնել հաստատման կոդերն ու հետո պարզել, որ իր անունով օնլայն վարկ են ձևակերպել:

«Խարդախները ևս, այսպես ասենք, վերապրոֆիլավորվում են և որոնում են ուղիներ: Դրա համար ինձ դժվար կլինի վիճակագրական տեսանկյունից պատասխանել, թեև ձեր հիշատակած տեսանյութի ներքո բազմաթիվ մարդիկ պատմում են իրենց խնդիրների մասին, այդ թվում՝ էդպիսի, հատկապես իրենց անունից վարկերի ձևակերպման մասին, և դա վերաբերում է նաև այս տարվան», - «Ազատությանը» ասաց Հովհաննիսյանը:

Անընդհատ փոփոխվող սցենարներով զեղծարարությունների դեպքում, ըստ Արփինե Հովհաննիսյանի, ավելի էական է, թե ինչպես է բանկային համակարգն արձագանքում դրանց, իսկ պատշաճ արձագանքը հիմնականում բացակայում է. - «Եվ մարդկանց խնդիրները մնում են չհասցեագրված: Բոլոր հանրային ծառայություններ իրականացնող կազմակերպությունները, այս կամ այն չափով, բոլոր հիմնարար ոլորտները՝ բանկերը կլինեն, կապի օպերատորները կլինեն, քաղաքացու կյանքին, քաղաքացու խնդիրներին, իրենց իսկ հարուցած խնդիրներին, իրենց իսկ մեղքով տեղի ունեցած պրոբլեմներին էնպիսի անհաղորդ վարքագիծ են դրսևորում, որ անգամ պետական մարմինները էսպիսին չեն»:

«Եվ ապշած եմ ուղղակի, որ էդ կառույցների համագործակցային կեցվածքը բացարձակ բացակայում է. կապի դուրս չեն գալիս, քաղաքացիների հետ պատշաճ չեն բացատրում, չեն շփվում, երբ որ խնդիր է առաջանում: Էն պահին, երբ որ քաղաքացին պիտի հաշիվ բացի, վարկ ձևակերպի, էլ չգիտեմ ինչեր անի, իրենք պատրաստ են տենց երկար-բարակ ինչ-որ բացատրել, իրենց գովազդել, բայց երբ որ քաղաքացին հայտնվում է խարդախների, կամ էլի որևէ մի իրավիճակում դժվար, մեղավորը միշտ քաղաքացին է՝ ըստ իրենց տրամաբանության», - ընդգծեց արդարադատության նախկին նախարարը:

Բանկերն, ի դեպ, հուլիսի 1-ից ներդրել են ստոպ գործիքը, որ հնարավորություն է տալիս քաղաքացիներին արգելափակել իրենց հաշիվներից վարկեր ձևակերպելու հնարավորությունը:

Արփինե Հովհաննիսյանն ասում է՝ ստոպ կոճակը գուցե փոքր-ինչ բարելավի վիճակը, բայց հիմնավոր լուծում չէ. - «Ո՞ւմ է հետաքրքիր ստոպ կնոպկան հուլիսի 1-ից, երբ մինչ այդ խնդիրները պատշաճ չեն հասցեագրվում»:

Մհեր Կարագյոզյանը կարծում է՝ ավելի արդյունավետ կլիներ հակառակ համակարգը, այսինքն՝ որևէ հաշվից հնարավոր չլիներ վարկ ձևակերպել, քանի դեռ քաղաքացին ինքը չի բացել այդ հնարավորությունը:

«Էդ ստոպ կոճակը պետք է լիներ պարզապես փլեյ կոճակ, այսինքն՝ էն քաղաքացիները, ովքեր չեն ուզում օգտվել օնլայն վարկավորումից, ոչ թե այդ քաղաքացիները պետք է սեղմեին ստոպ կոճակին, այլ այն քաղաքացիները պետք է սեղմեին փլեյ կոճակին, ովքեր ուզում են հետայսու ստանալ օնլայն վարկավորում», - պնդում է «Հանրային վերահսկողություն» ՀԿ ղեկավարը:

Կարագյոզյանն ասում է՝ անցած տարի իրենց բողոքի ցույցերից հետո, տուժած քաղաքացիների իրավունքները միայն մասնակիորեն են վերականգնվել, բանկերը համաձայնել են որոշ դեպքերում միայն սառեցնել կեղծիքների արդյունքներով ձևակերպված վարկերը կամ հաշվից անհետացած գումարի չափով փոխառություն տալ մինչև քրեական գործերի ավարտը, բայց քրեական գործերը որևէ արդյունքի մինչ օրս չեն հանգեցրել, տուժածների իրավունքները չեն վերականգնվել: Իրենք համարում են, որ Քննչական կոմիտեն անգործություն է ցուցաբերում, և պահանջում են այդ կառույցի ղեկավարի հրաժարականը:

«Ցավոք սրտի, էստեղ շատ մեծ դերակատարում ունի Քննչական կոմիտեն, էստեղ Քննչական կոմիտեն է պատասխանատու քաղաքացիների իրավունքների վերականգնման մասով: Քննչական կոմիտեի ցուցաբերած արդյունքները հավասար է զրոյի, Քննչական կոմիտեն բացարձակապես մատը մատին չի տալիս էս քաղաքացիների իրավունքների վերականգնման մասով, չի տեսնում, չի վերցնում իր վրա էն պատասխանատվությունը, որը սահմանված է օրենքով: Եվ որևէ մեկ դեպք՝ գոնե մեկ, օրինակի համար, մենք դեպք չունենք, որ քաղաքացու իրավունքը էս գրված օրենքներին համապատասխան, ընդունված մեխանիզմներով վերականգնվել է: Հետևաբար՝ էս ընդունված մեխանիզմները գործոն չեն», - նշեց «Հանրային վերահսկողություն» հասարակական կազմակերպության ղեկավարը:

Քննչական կոմիտեից այս քննադատությունը չեն մեկնաբանում, իսկ թե բանկային հաշիվների հետ կապված զեղծարարության դեպքերով քանի՞ գործ է քննվում, կամ արդյոք կա՞ն դատարան հասած գործեր, կոմիտեից հորդորեցին գրավոր հարցում ուղարկել: