Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկի փաբերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնել են պաշտոնյաները: Սա վերջին գրեթե երկու տասնամյակների ընթացքում Թայլանդում տեղի ունեցած ամենամահաբեր դեպքն է:
Հաղորդվում է, որ արգելափակված վթարային ելքերը խոչընդոտել են ծխից խեղդվող այցելուներին դուրս գալ այրվող տարածքից
«Մենք 27 մարմին ենք դուրս բերել։ Վիրավորներից ոմանք տեղափոխվում են հիվանդանոց»,- հայտարարել է վարչապետ Անուտին Չարնվիրակուլը, որը վաղ առավոտյան այցելել է դեպքի վայր:
Թայլանդի վարչապետը՝ դեպքի վայրում
«Rong Beer Na Lat Phrao» փաբում դեպքի հետևանքով ևս 63 մարդ վիրավորվել է։ 22-ի վիճակը ծայրահեղ ծանր է, և նրանք հոսպիտալացվել են, հայտնել է Բանգկոկի աղետների կանխարգելման վարչության տնօրենը։
Ըստ նախնական գնահատականների՝ հրդեհի պատճառ է դարձել առաստաղին տեղադրված օդորակիչում առաջացած կարճ միացումը։
«Ընկերս, որը երգում էր բեմում, ասաց, որ սկզբում նրանք այրվածի հոտ են զգացել, իսկ քիչ անց տեսել են, որ առաստաղը հրդեհվում է: Ոմանք վնասվածքներ են ստացել առաստաղի փլման պատճառով», - պատմել է 32-ամյա Սուկանյան:
Դեպքի վայրում աշխատող հրշեջներից մեկի խոսքով.- «Ծուխը ամենուր էր: Փրկվածների մեծ մասը խեղդվում էր ծխից»:
Հրդեհ՝ Բանգկոկի փաբում
Սա Թաիլանդում տեղի ունեցած ամենամահացու հրդեհն էր 2009 թվականին Բանգկոկի «Սանտիկա» ակումբում Նոր տարվա տոնակատարությունների ժամանակ բռնկված հրդեհից ի վեր, որի հետևանքով զոհվեց 67 մարդ, վիրավորվել էր ավելի քան 200 մարդ։