Ճապոնիայի պաշտպանության նախարար Շինջիրո Կոիզումին հակադարձել է ճապոնական «նոր միլիտարիզմի» մասին Չինաստանի պնդումներին՝ փոխարենը Պեկինին մեղադրելով անբավարար թափանցիկությամբ բանակն ընդարձակելու մեջ:
Չինաստանը շարունակում է բարձր տեմպով ավելացնել իր պաշտպանական ծախսերը, Սինգապուրում անցկացվող «Շանգրի Լա» անվտանգության համաժողովում ասել է Կոիզումին. «Չինաստանի արտաքին քաղաքական մոտեցումները և ռազմական ակտիվությունը միաժամանակ լուրջ մտահոգություն են առաջացնում Ճապոնիայի և միջազգային հանրության շրջանում»:
Նա հակադարձել է չինական կողմի քննադատությանը, թե Ճապոնիան «նոր միլիտարիզմ» է որդեգրել. «Մտածե՛ք, կա երկիր, որը միջուկային զինամթերքի և ռազմավարական ռմբակոծիչների հսկայական զինանոց ունի: Ճապոնիան չունի այս զինատեսակներից և ոչ մեկը: Ու Ճապոնիա՞ն է զբաղվում «նոր միլիտարիզմով»:
Այս ամիս Չինաստանի արտգործնախարարությունը Ասիական-խաղաղօվկիանոսյան երկրներին կոչ էր արել զգոն լինել և «համատեղ դիմադրել Ճապոնիայի նեոմիլիտարիզմի անխոհեմ գործողություններին»:
Սինգապուրյան միջոցառման ժամանակ Չինաստանի պատվիրակ գեներալ-մայոր Մենգ Սիանգքին, իր հերթին, Տոկիոյին է կշտամբել:
«Խիստ կասկածում եմ՝ կարո՞ղ է արդյոք միլիտարիզմի թունավոր ժառանգությունը լիարժեքորեն չոչնչացրած երկիրը միջազգային միջոցառումների ժամանակ խոսել պաշտպանական գործակցությունից, կարո՞ղ է արդյոք շահել միջազգային հանրության վստահությունը, հատկապես այն ասիական երկրների, ուր ժամանակին ներխուժել էր», - ասել է Սիանգքին։
Ճապոնիայի և Չինաստանի միջև հարաբերությունները վերջին տարիների ցածրակետին են հասել այն բանից հետո, երբ նոյեմբերին Ճապոնիայի վարչապետ Սանաէ Տակաիչին նախազգուշացրեց, որ Թայվանի վրա Չինաստանի հնարավոր հարձակումը կարող է արժանանալ Ճապոնիայի ռազմական արձագանքին։
Ապրիլին Տոկիոն չեղարկեց զենքի արտերկրյա վաճառքի մի շարք սահմանափակումներ՝ ճանապարհ հարթելով ռազմանավերի, հրթիռների և այլ զինատեսակների արտահանման համար։
Ճապոնիայի պաշտպանության նախարարն իր խոսքում վերահաստատել է հանուն կայունության Չինաստանի և տարածաշրջանային այլ խաղացողների հետ երկխոսելու հանձնառությունը․ «Մենք դուռը բաց ենք թողնում», - ասել է նա։