Ադրբեջանում հայերի նկատմամբ երեկ կայացված դատավճիռներից մեկ օր անց ո՛չ վարչապետի աշխատակազմից, ո՛չ Արտգործնախարարությունից որևէ արձագանք չկա: Փորձեցինք պարզել սպասվո՞ւմ է հայտարարություն, միևնույնն է լռությունը չխախտեցին:
Բաքվի դատարանում երեկ ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանն ու և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը: Նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը 20 տարվա ազատազրկման դատապարտվեցին, այդ երկրի օրենսդրությունն արգելում է 65 տարին լրացած անձանց ցմահ ազատազրկել։ Մյուս ութ հայերը 15-20 տարվա պատժաչափ ստացան:
Ծանր հանցանքների՝ պատերազմ վարելուց մինչև ահաբեկչության համար համար մեղադրվող հայերին Բաքուն դատեց Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների այն հայտարարությունների ֆոնին, թե տասնամյակներով հակամարտող հարևանները խաղաղություն են հաստատել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ TRIPP նախագիծ, առևտրի մեկնարկ. ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Աբու ԴաբիումԻնչպե՞ս են իշխանական պատգամավորները գնահատում սա, խաղաղությունն այսպե՞ս է ամրապնդվում: ՔՊ-ական մեկ տասնյակից ավելի պատգամավորի փորձեցինք հարցն ուղղել, բայց նրանք զանգերին չէին պատասխանում: Միակ պատգամավորը, որ համաձայնեց արձագանքել, կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն էր:
«Ես հիմա ավելի շատ բան չունեմ ասելու, քան մենք ասում էինք, օրինակ, նույն Վագիֆ Խաչատրյանի դատավճռից հետո: Իմ ասելիքը հետևյալն է՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունը անշեղորեն ու անդադար աշխատելու է մեր հայրենակիցներին Հայաստանի Հանրապետություն վերադարձնելու հարցի շուրջ՝ անշեղորեն, անդադար, առանց լրացուցիչ աղմուկի ու առանց դրա հանրայնացման», - ասաց Ալեքսանյանը:
Ադրբեջանի բանտերում գտնվողներին վերադարձնելու իրական նպատակ իշխանությունը չունի. Արթուր Խաչատրյան
ԱԺ «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանի գնահատմամբ՝ այժմ Ադրբեջանի բանտերում գտնվողներին վերադարձնելու իրական նպատակ իշխանությունը չունի: Պատգամավորի կարծիքով՝ հիմա ոչ միայն դատապարտող հայտարարություններ պետք է լինեին, այլ նաև հարաբերությունները կարգավորելու համար պիտի կոնկրետ հարցեր առաջ քաշվեին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարների ազատ արձակումը:
«Մենք ունենք Նիկոլ Փաշինյան, ով նախորդ օրը գնացել ու եղբայրացել է Ալիևի հետ, ընտանիքներով բեմ են բարձրացել, իսկ 24 ժամ հետո Ալիևը այդ մարդկանց դատապարտել է ցմահ բանտարկության: Հասկանում ենք, որ Բակո Սահակյանի կամ Արկադի Ղուկասյանի պարագայում 20 տարին նույն ցմահ ազատազրկումն է», - ասաց Խաչատրյանը:
Իշխանությունը համարում է, որ խաղաղության հաստատմամբ է հնարավոր լուծել թե՛ Բաքվում պահվող հայերի վերադարձի, թե՛ հայ - ադրբեջանական հարաբերությունների մյուս բաց հարցերը:
Մինչդեռ Բաքվում հայ գերիների հետ տեղի ունեցածի համար ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը քննադատում է Հայաստանի իշխանությանը. «Գլխավոր հարցը գործող իշխանության քաղաքական գիծն է, որը նպաստել է ոչ միայն Արցախի ադրբեջանացմանն ու հայերի բռնագաղթին, այլև մարդկանց հասցրել է ադրբեջանական գերության»:
Բաքվում հայ գերիների հետ պատահածի համար գործող իշխանությանն է մեղադրում նաև ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» ղեկավարը: Նիկոլ Փաշինյանի կաբինետում հատուկ հանձնարարություններով դեսպան աշխատած Էդմոն Մարուքյանը նշել է. «Ադրբեջանում ցմահ դատապարտվել է Հայաստանի վերջին 35 տարվա կյանքը: Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ այսպես կոչված «խաղաղության գործընթացի» մասին»: