Բաքվի նախաձեռնությամբ կոնֆերանս Վաշինգտոնում. քննարկվել է «Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» հարցը

«Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի ու ինքնորոշման իրավունք», «Հայաստանի կողմից ադրբեջանցիների էթնիկ զտումներ». սրանք մեջբերումներ են նախօրեին Միացյալ Նահանգների Կոնգրեսի շենքում անցկացված միջազգային կոնֆերանսի ընթացքում բարձրացված հարցերից:

Բաքուն «Արևմտյան Ադրբեջան» է անվանում Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը:

Կապիտոլիումում ծրագրված հավաքի կազմակերպիչը, ըստ ադրբեջանական աղբյուրի, երեք տարի առաջ Ադրբեջանի կողմից ստեղծված Բաքվի նախաձեռնող խումբն է։ Պետական ֆինանսավորմամբ այս կառույցն իր գործունեության սկզբնական շրջանում հանդես էր գալիս «ֆրանսիական գաղութատիրության դեմ» պայքարի դիրքերից, հետագայում խմբի գործունեության թիրախում էին հայտնվել նաև Հնդկաստանի իշխանությունները։

Պետական «Ազերթաջը» հաղորդում է, որ «Վերադարձի և ինքնորոշման իրավունքը. երկակի ստանդարտներ և ընտրողական մոտեցումներ» միջազգային կոնֆերանսի մասնակիցները նաև նամակ են հղել ամերիկացի կոնգրեսականներին՝ կոչ անելով «պաշտպանել արևմտյան ադրբեջանցիների՝ անվտանգ, կամավոր և արժանապատիվ վերադառնալու իրավունքը իրենց հայրենի հողեր»։

Կոնֆերանսի մասնակիցները հույս են հայտնել, որ միջազգային հանրությունը կաջակցի ոչ միայն ադրբեջանցիների վերադարձի իրավունքին, այլ կօգնի վերականգնել նրանց «սեփականության իրավունքն ու պաշտպանել մշակութային ժառանգությունը»։ Կոնգրեսի անդամներին խնդրել են այս հարցով կազմակերպել լսումներ, ճեպազրույցներ և խորհրդակցություններ:

Ըստ Բաքվի պետական լրատվամիջոցների՝ սա առաջին նմանատիպ միջոցառումն է, որը Կոնգրեսում անցկացվում է Հայաստանի կողմից ադրբեջանցիների էթնիկ զտումների վերաբերյալ։

Վաշինգտոնյան երեկվա հավաքին զուգահեռ Բաքվում նույն օրակարգով մեկ այլ միջոցառում էր անցկացվում, որի ժամանակ Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր, «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» նախագահ Ազիզ Ալեքբերլին ավելի հեռուն գնաց՝ կարծիք հայտնելով, որ «արևմտյան ադրբեջանցիների՝ վերադարձի հարցը պետք է դառնա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի թեմա»:

Մեկ շաբաթվա ընթացքում ադրբեջանցիների վերադարձի թեմայով երրորդ միջոցառումն էլ Նախիջևանում անցկացվեց:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բաքուն «Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը ներկայացնում է որպես ազգային առաջնահերթություն

Այս հավաքին էլ մասնակցող Միլի Մեջլիսի փոխխոսնակը բաց հայտարարեց՝ նոր իրողությունների պայմաններում Ադրբեջանի նախագահը «Արևմտյան Ադրբեջանի» հարցը դարձրել է ազգային օրակարգի կարևոր ուղղություն:

«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը հայելային արձագանք է». Փաշինյան

Պաշտոնական Երևանից այս հայտարարություններին արձագանք չկար:

Նիկոլ Փաշինյանի այսօրվա արձագանքը կարճ էր, Հայաստանի ղեկավարը նախընտրեց զուգահեռները. «Քննարկվում է, որ Միացյալ Նահանգների Սենատում Ձեր ասած թեմայով քննարկում է լինելու, բայց, իհարկե, լռության է մատնվում էն, որ ընդամենը տասն օր առաջ կամ մի քիչ ավելի առաջ հայկական կազմակերպությունները օրակարգ են մտցրել հարց, որը, ըստ էության, վերաբերում է Ղարաբաղյան շարժման շարունակությանը: Քանի Ազգային ժողովի, օրինակ, դահլիճում դրված են Ղարաբաղի դրոշներ, քանի էդ խոսույթը Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է, հայելային ձևով դա շարունակվելու է»:

Թե հայկական կազմակերպությունների ի՞նչ նախաձեռնությունից էր խոսում Փաշինյանը, չմանրամասնեց: Ամենայն հավանականությամբ նկատի ուներ ամերիկացի 6 կոնգրեսականների առաջարկած օրենսդրական լրացումները, որտեղ հայ գերիների ազատ արձակման պահանջից, Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնություն կրճատելուց բացի, նաև արցախցիների անվտանգ վերադարձի հարց է բարձրացվում: Այս նախաձեռնությանը աջակցում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը, որը Դաշնակցության կառույցներից մեկն է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում ընդդիմադիրներին էր մեղադրում «Հայաստանի պետական շահերի դեմ գործելու» և «300 հազար ադրբեջանցիների վերադարձի գոյություն չունեցող թեման Հայաստանի ներքաղաքական օրակարգ բերելու» համար։ Այսօր էլ վերահաստատեց՝ ամեն քայլի գնալու են, որ Ղարաբաղյան շարժումը շարունակելու փորձերը կասեցվի:

Արցախի դրոշները, ինչի մասին խոսում էր վարչապետը, խորհրդարան է բերել ընդդիմությունը, իսկ ադրբեջանցիների վերադարձի հարցը բարձրացվում է պետական ֆինանսավորմամբ ու պաշտոնյաների շուրթերով:

Ադրբեջանցիների վերադարձի թեման Բաքուն ակտիվացրեց հատկապես հայաստանյան խորհրդարանական ընտրություններից հետո:

Ովքե՞ր էին մասնակցում Վաշինգտոնում կոնֆերանսին

Կոնգրեսում կազմակերպված նիստին Ֆրանսիայից, Հնդկաստանից և Նիդերլանդներից անկախանալ ձգտող Նոր Կալեդոնիայի, սիկխերի, մի շարք կարիբյան կղզիների անջատական կազմակերպությունների ներկայացուցիչներ էին մասնակցում։ Ադրբեջանը, «Բաքվի նախաձեռնությունների խմբի» շրջանակում, այս կառույցների հետ սկսել էր աշխատել 2023 թվականից։ Ֆրանսիան ու Հնդկաստանը վերջին տարիներին Հայաստանի զենքի նոր մատակարարներ են, ինչի դեմ անթաքույց բողոքում էր Բաքուն: