Խաղաղության համաձայնագիրը ստորագրված և հաստատված չէ դեռ, սակայն իրական խաղաղություն արդեն ունենք,- «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակում անցկացվող քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Սահմանին կրակոցների հետևանքով մեկ տարուց ավելի է զոհեր չունենք, Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները: Սա արդեն իսկ խաղաղության ուղղությամբ մեծ քայլ է»,- ընդգծեց ՀՀ ԱԳ նախարարը:
Արարատ Միրզոյանը շեշտեց սակայն, որ Ադրբեջանի հետ բոլոր հարցերը չէ, որ լուծված են. «Դեռ կան չլուծված հարցեր, մասնավորապես՝ հումանիտար կարգի. պահվող անձինք ունենք»,- ընդգծեց նախարարը:
Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերություններին, նախարարն ասաց՝ «հրաշալի երկխոսություն ունենք Թուրքիայի հետ»: Խոսելով սահմանի փակ լինելուց, շեշտեց.
«Երկկողմանի մեր պատրաստակամությունն արտահայտել ենք լիովին բացելու սահմանը: Բայց, առ այսօր սահմանները դեռ փակ են: Որոշ համաձայնագրեր իրականացվում են, որոշները դեռ մշակվում են, բայց, վստահ եմ, որ սա տեղի է ունենալու, քանի որ հայ-թուրքական երկխոսությունն այսպես ասեմ՝ հասունացել է, բավարար մակարդակի է՝ նպաստավոր արդյունքի հասնելու համար»,- նշեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: