«Նիդերլանդների խորհրդարանում ընդունված փաստաթուղթը չի ազդում մեր հարաբերությունների վրա», - ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանում Նիդերլանդների դեսպան Մարիան դե Յոնգը՝ մեկնաբանելով Նիդերլանդների խորհրդարանի որոշումների պատճառով Ադրբեջանում առաջացած դժգոհությունը։
Ապրիլի 16-ին Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատն ընդունել էր պատգամավոր Դոն Սեդերի երկու առաջարկները հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ։
Օրերս Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն էին կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները։ Բելգիայի Ներկայացուցիչների պալատն էլ Հայաստանին աջակցող և Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը սատարող բանաձևեր էր ընդունել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Բելգիայի և Նիդերլանդների դեսպաններին Ադրբեջանի ԱԳՆ-ում բողոք են ներկայացրելԱդրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դեսպանների հանդիպումների ընթացքում խիստ բողոք է ներկայացվել երկու երկրների խորհրդարանների կողմից ընդունված փաստաթղթերի կապակցությամբ, որոնք գնահատվում են որպես «հերթական անպատասխանատու փորձ՝ ուղղված Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ գործընթացի խաթարմանը»։
Դեսպան Մարիան դե Յոնգն, ըստ ադրբեջանական մամուլի, այսօր պարզաբանել է, որ խորհրդարանը գործում է կառավարությունից անկախ։
«Ես դա հասկանում եմ։ Կցանկանայի մի փոքր ավելի մանրամասն բացատրել մեր երկրում իշխանությունների բաժանման համակարգը։ Մեր խորհրդարանը գործում է կառավարությանից անկախ։ Մենք չենք կարող դրա վրա ազդել։ Մենք կարող ենք միայն տեղեկատվություն տրամադրել, բայց նրանք որոշումներ են ընդունում ինքնուրույն։ Խորհրդարանը բաղկացած է 150 անդամից և արտացոլում է հասարակության տարբեր կարծիքները»,- նշել է դեսպանը։
Ապրիլի 20-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նաև կոչ էր արել բելգիական և նիդերլանդական կողմերին արդյունավետ միջոցներ ձեռնարկել իրենց խորհրդարաններում «հակաադրբեջանական խմբերի» գործողությունները կանխելու համար, որոնք վնասում են երկկողմ հարաբերությունները։
Դիվանագետ Մարիան դե Յոնգը, ըստ ադրբեջանական մամուլի, այսօր ասել է, թե Նիդերլանդների խորհրդարանում նկատվում է միտում, երբ ավելի բարձր է լսվում հայամետ ուժերի ձայնը.
«Այնուամենայնիվ, ես գիտեմ, որ Նիդերլանդներում կա բավական մեծ ադրբեջանական համայնք։ Հնարավոր է՝ ապագայում այն նույնպես ներկայացված լինի Նիդերլանդների խորհրդարանում։ Մեզ համար խորհրդարանը քննարկումների հարթակ է»,- ասել է դեսպանը՝ շնորհակալություն հայտնելով «կարծիքի» համար և ընդգծելով, որ իր առջև դրված խնդիրները չեն փոխվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Նիդերլանդներն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացինՄարիան դե Յոնգը նշել է նաև, որ Նիդերլանդները հարաբերություններ ունի և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ, երկխոսություն են վարում երկու երկրների հետ, աջակցում տարածաշրջանում խաղաղության գործընթացին։
Նա հույս է հայտնել, որ խորհրդարաններում ընդունվող փաստաթղթերը չեն ազդի միջկառավարական հարաբերությունների վրա։
«Ինչպես ես եմ տեսնում, Եվրամիությունը վերջին մեկուկես տարվա ընթացքում նույնպես ցուցաբերում է հավասարակշռված մոտեցում։ Եվրահանձնակատար Կոսը, հատուկ ներկայացուցիչ Գրոնոն, Կոստան և այլ բարձր պաշտոնյաներ բոլոր այցերի ընթացքում կրկնում են նույն ուղերձը՝ մենք այստեղ ենք խաղաղության գործընթացին աջակցելու համար։ Մենք այստեղ ենք՝ օգնելու, և պատրաստ ենք աջակցել այն ձևաչափով, որը դուք նպատակահարմար կգտնեք։ Այսպիսով, ես կասեի, որ այս հարցը չի ազդում այդ ուղղության վրա», - հայտարարել է դեսպանը։
Դեսպանն ընդգծել է, որ Նիդերլանդներն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին՝ հավելելով, որ խաղաղության գործընթացը ճանապարհ կբացի առևտրի զարգացման, ընդհանուր առաջընթացի համար։