Բաքուն Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում

Ադրբեջանի արտգործնախարարությունը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում, նրանց արգելվում է մուտք գործել Ադրբեջանի տարածք:

«Հաշվի առնելով ինտերնետային տարբեր հարթակներում տարածված հայտարարությունները, որոնք ուղղված են Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության, ազգային անվտանգության, սահմանադրական կարգի, ժողովրդի և ղեկավարության դեմ, իշխանափոխության բռնի կոչերը, ինչպես նաև կրոնական արմատականությամբ պայմանավորված բռնությունը և կրոնական ատելության ու թշնամանքի հրահրումը, Թուրքիայի Հանրապետության հետևյալ քաղաքացիները հայտարարվել են «անցանկալի անձինք», - ասված է հայտարարությունում:

Ցուցակում ներառված են լրագրողներ, բլոգերներ, գրողներ, քաղաքական գործիչներ, կրոնական գործիչներ և հասարակական դեմքեր։ Նրանց թվում են թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Yeni Safak-ի, Akit TV-ի, TV NET-ի և այլ մեդիա հարթակների աշխատակիցներ, ինչպես նաև «Նոր բարեկեցություն» կուսակցության նախագահ Ֆաթիհ Էրբականը, Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուն և այլ քաղաքական ու հասարակական գործիչներ։

Նախօրեին էլ Ադրբեջանը Թուրքիայի յոթ քաղաքացու ձերբակալելու օրդեր է տվել, որոնց մեղադրում է կառավարությունը բռնի կերպով տապալելու կոչերի և կրոնական ատելություն հրահրելու մեջ:

Բաքվի այս գործողությունները տեղի են ունենում այն ժամանակ, երբ Ադրբեջանի և Թուրքիայի միջև լարվածությունը շարունակվում է ադրբեջանական դպրոցներում հիջաբի սահմանափակումների շուրջ հանրային վեճի և որոշ թուրք քաղաքական գործիչների կողմից Ադրբեջանի և Իսրայելի հարաբերությունների քննադատության ֆոնին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ի՞նչ չեն կիսում Թուրքիան և Ադրբեջանը