Պաշտոնական Բաքուն բրիտանական The Telegraph-ի այսօրվա հրապարակման առթիվ Թեհրանից պարզաբանում է ակնկալում, հաղորդում է ադրբեջանական АPA գործակալությունը՝ իշխանական անանուն աղբյուրները վկայակոչելով։
Բրիտանական պարբերականը հաղորդել էր, որ Իրանի նորընտիր նախագահն առաջարկում է ուժայիններին Իսրայելի փոխարեն հարվածներ հասցնել Ադրբեջանում կամ իրաքյան Քուրդիստանում գտնվող իսրայելական գաղտնի ռազմակայաններին։
«Ադրբեջանական կողմը կարծում է, որ հրապարակված լուրը կեղծ է։ Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը սկսել է մտահոգել որոշ շրջանակների, որոնք փորձում են խաթարել այդ գործընթացը», - նշել է գործակալության աղբյուրը՝ հավելելով․ - «Իրանի նորընտիր նախագահի՝ ազգությամբ ադրբեջանցի լինելու և նրա՝ Ադրբեջանի նկատմամբ ջերմ վերաբերմունքի ֆոնին ի հայտ են եկել ուժեր, որոնք ցանկանում են խաթարել երկկողմ հարաբերությունները։ Այդ իսկ պատճառով լավ կլիներ, որ իրանական կողմը հերքեր այս պնդումները և ցրեր բոլոր կասկածները»։
Շաբաթասկզբին իսրայելական կողմի հարվածի հետևանքով զոհվեց Լիբանանի հարավային շրջանները վերահսկող իրանամետ «Հեզբոլա»-ի բարձրաստիճան հրամանատարներից մեկը։ Կազմակերպության առաջնորդի պնդմամբ՝ իր զինակցի սպանությունը շրջադարձային կետ է Իսրայելի դեմ պայքարում։
Իր հերթին, Իրանը կոշտ պատասխան է խոստացել Իսրայելին, որին մեղադրում է հուլիսի 31-ի գիշերը Թեհրանում ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորման քաղաքական առաջնորդի սպանության մեջ։
Թեհրանը և իր դաշնակիցները մեղադրանքի սլաքներն ուղղել են դեպի Իսրայելը և սպառնացել պատասխան գործողություններով: Իսրայելը չի ստանձնել Ֆուադ Շուքրի և Իսմայիլ Հանիեի սպանությունների պատասխանատվությունը։
Վարչապետ Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մեծ գին կպահանջի իր դեմ հնարավոր ագրեսիայի դեպքում, որտեղից էլ այն լինի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Մերձավոր Արևելքը նյարդային սպասման մեջ էԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Իրանն ու Իսրայելը պատրաստվում են անխուսափելի թվացող բախման