Թուրքիայի նախագահի աշխատակազմին կից ռազմարդյունաբերության կոմիտեի ղեկավար Հալուք Գյորգյունի գլխավորած պատվիրակությանը երեկ ժամանել է Բաքու, հանդիպել Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Ագիլ Գուրբանովի հետ։
Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ հանդիպմանը քննարկվել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ներկա վիճակը, զարգացման հեռանկարները։
Ադրբեջանի և Թուրքիայի միջև իրականացվող համատեղ արտադրական նախագծերն օգտակար կլինեն երկու երկրների բանակների պաշտպանունակության բարձրացման համար, հայտարարել է Գյորգյունը։
Թուրքական պատվիրակությունը հանդիպել է նաև Ադրբեջանի ՊՆ օդային ուժերի հրամանատարի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Նամիկ Իսլամզադեի հետ։
2023-ի հունիսին հայտարարվեց, որ Թուրքիան և Ադրբեջանը օդային տարածքի կառավարման համատեղ համակարգ են ներդնում։ HAKIM կոչվող համակարգի գործարկումից հետո թուրքական և ադրբեջանական ռազմաօդային ուժերը կվերահսկեն Էգեյան և Կասպից ծովերի միջև գտնվող ողջ տարածքը։ Այս նախագծով երկու երկրների ռազմաօդային ուժերը նաև հնարավորություն են ստանում համատեղ գործողություններ իրականացնել, վերահսկել Ադրբեջանի օդային տարածք։
Իսկ ավելի վաղ՝ 2021-ի հունիսին, Ադրբեջանն ու Թուրքիան Շուշիում փաստաթուղթ ստորագրեցին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ այն բարձրագույն մակարդակի է հասցնում Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցությունը: Հռչակագիրը ենթադրում է փոխադարձ ռազմական օգնություն և սերտ համագործակցություն ռազմարդյունաբերության ոլորտում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիև․ «Ադրբեջանն ու Թուրքիան՝ մեկ ազգ, երկու պետություն»