Բաքուն հատուկ մեխանիզմ է ստեղծում, որի միջոցով Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան, առանց իրենց ինքնությունը բացահայտելու, տեղեկատվություն տրամադրել ղարաբաղյան պատերազմների ընթացքում անհետ կորած անձանց, ինչպես նաև տարածաշրջանում գտնվող զանգվածային հուղարկավորության վայրերի վերաբերյալ։
Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության փոխտնօրեն Շարաֆաթ Հասանովը։
«Տրամադրված տեղեկատվությունն օգտագործվելու է բացառապես մարդասիրական նպատակներով, իսկ այն տրամադրած անձը որևէ պարագայում պատասխանատվության չի ենթարկվի»,- նշել է ադրբեջանցի պաշտոնյան։
Հասանովը նաև նշել է, թե Ադրբեջանը բաց է հայկական կողմի հետ անհետ կորած անձանց խնդրի լուծման հարցում համագործակցության համար: