Բագրատ Գալստանյանը կրկին պնդեց՝ հիմնական դատալսումների փուլ հասան՝ առանց գաղտնալսումների փորձաքննական եզրակացության

Ահաբեկչության և իշխանության յուրացման փորձի մեղադրանքով արդեն 10 ամիս բանտում գտնվող Բագրատ արքեպիսկոպոսի ու նրա 17 համախոհների գործով դատն այսօր հիմնական փուլ մտավ:

Դատախազները բոլոր 18 մեղադրյալների դեպքում նույն բացման տեքստով հանդես եկան: Նրանք պնդում են՝ «Սրբազան պայքար» շարժման միջոցով իշխանությունը վերցնելու անհաջող փորձերից հետո, Գալստանյանն ու իր համախոհները 2025 թվականի հունվարից հավաքագրել են 2000-ից ավելի անձանց ահաբեկչական գործողությունների համար: Քրեական գործում Բագրատ արքեպիսկոպոսն իր արխարհիկ անունով է նշված:

«Իշխանությունը զավթելու իրենց հանցավոր նպատակն իրագործելու նպատակով Վազգեն Գալստանյանն ու հանցավոր խմբի մյուս անդամները պլանավորել են կատարել ահաբեկչություն, այն է՝ քաղաքացիական անձանց կյանքից զրկելու առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանքներ առաջացնելու վտանգով զուգորդված այլ արարքներ, այդ կերպ նպատակ հետապնդելով ահաբեկել բնակչությանը, բնակչության շրջանում առաջացնել անկառավարելի վիճակ, կազմալուծել հանրային իշխանության մարմինների գործունեությունը և սահմանադրությամբ իշխանություն ստանձնած անձանց հարկադրել հրաժարվել դրանից»:

Մինչ դատախազը կավարտեր խոսքը բոլոր 18 մեղադրյալների մասով, Բագրատ արքեպիսկոպոսն արձագանքեց՝ բոլոր տեքստերը նույնն են, ինչու՞ է մեղադրողը նույն բանը կարդում: «Բոլոր տեքստերը նույնն են, դահլիճում ոչ մեկ չի լսում, ներառյալ, հավանաբար, Դուք, հավանաբար, մեղք չվերցնեմ վրաս: Թող միանգամից անունները ասի, մեղադրանքը կարդա, վերջանա: Նույնն են տեքստերը», -ասաց Բագրատ սրբազանը:

Միևնույնն է՝ դատախազները շարունակեցին նույն տեքստը կարդալ նաև մյուսների մեղադրանքի մասով:

Այսօրվա դատական նիստին դարձյալ արքեպիսկոպոս Գալստանյանն ու նրա պաշտպանները պնդում էին՝ հիմնական դատալսումների փուլ հասան՝ առանց գլխավոր ապացույցի՝ գաղտնալսումների փորձաքննական եզրակացության: Ինչու՞ պետք է այն համարվի մեղադրանքի հիմնական ապացույց, եթե ոչ նախաքննության, ոչ էլ դատաքննության անցած ամիսների ընթացքում որևէ հիմնավորում չի բերվել՝ ապացուցելու, որ այդ գաղտնալսումները մոնտաժված չեն, այդտեղ իսկապես մեղադրյալների ձայնն է ու դրանք իրական են, պնդեց գլխավոր մեղադրյալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը.

«Ես բացարձակապես էդ ձայնագրություն կոչվածների մեջ չկամ: Թող մեկը ապացուցի ինչ-որ ձևով, որ ես եմ, Իգորն է, կամ Տիգրանն է... Չկա, նման բան չի կարող ապացուցելի լինել: Նախ չի կարող ապացուցելի լինել, թե որ մեկն է դա, ով է ընդհանրապես: Եվ երկրորդը՝ չի կարող ապացուցելի լինել, և շատ ողջամիտ կասկած ա, որ դրանք մեկը մյուսով սարքված, հավաքված ստեղից, ընդեղից երևույթներ չեն»:

Դատավոր Կարեն Ֆարխոյանն ասաց՝ մեղադրող կողմի ներկայացրած ապացույցն է, նրանք էլ պետք է հիմնավորեն այն: Հակառակ դեպքում դատարանը համապատասխան եզրահանգում կանի:

Պաշտպանական կողմը դեռ նախաքննության ավարտին միջնորդել է, որ քննիչները պաշտպանական կողմին տրամադրեն հետախուզական օպերատիվ միջոցառումների ամբողջական ձայնագրությունները, սակայն քննիչները նույնիսկ չեն քննարկել այդ միջնորդությունը, հայտարարեց փաստաբանը: Դիմեցին դատարանին, որպեսզի օժանդակի այդ ապացույցներն ստանալու հարցում: Դատավորն ասաց՝ միջնորդությունն ավելի ուշ կքննարկի:
Դահլիճում ժամանակ առ ժամանակ ներկաները բողոքի ակցիաներ են իրականացնում՝ տարբեր վանկարկումներով՝ ուղղված մեղադրողներին և ծափահարություններով՝ ուղղված դատվողներին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Դատախազը դժգոհել է Բագրատ սրբազանի քաղաքական ելույթներից, արքեպիսկոպոսն էլ՝ քրգործիցԲագրատ Գալստանյանի ու համախոհների գործով դատախազն այսօր թվարկեց ապացույցները, որոնց հիման վրա կազմել են մեղադրանքը