Ազգային ժողովում քննարկվում է «Քաղաքացիական պայմանագրից» Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը խորհրդարանի փոխնախագահի պաշտոնում ընտրելու հարցը։
Մինչ այդ քննարկվում էր ՔՊ-ից Հայկ Կոնջորյանի թեկնածությունը Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում ընտրելու հարցը: Այժմ տեղի է ունենում քվեարկությունը։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ քվեարկությանը չի մասնակցելու, «Ուժեղ Հայաստանը» դեմ է քվեարկելու Հայկ Կոնջորյանի թեկնածությանը։
ՔՊ-ն միաձայն կողմ է քվեարկելու Հայկ Կոնջորյանի թեկնածությանը, հայտնեց խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը։
Ինչպես երեկ, այնպես էլ այսօր ընդդիմադիրների հարցերը հիմնականում վերաբերվում էին Կոնջորյանի կնոջ՝ «ՀայՓոստի» տնօրեն Շուշան Ալեքսանյանի ամսական 10 հազար դոլար աշխատավարձին ու նրա ղեկավարած ընկերության կառավարման խնդիներին: Ընդդիմությունը կասկածներ ունի, որ Կոնջորյանի միջնորդությամբ է կինը բարձր պաշտոն ու աշխատավարձ ստացել պետական ընկերությունում: Ինքը՝ Կոնջորյանը պնդում է, որ այդ հարցադրումներով իրեն են փորձում հարվածել:
Այն, որ «ՀայՓոստում» ղեկավարների աշխատավարձերի բարձրացման պայմաններում նվազել է ընկերության հասույթը, իսկ վարկերը բազմակի ավելացել, պատմել էր «Ազատության» հետաքննությունը:
Բացի Հայկ Կոնջորյանից, ԱԺ երեք փոխնախագահների թեկնածուներ են նաև «Քաղաքացիական պայմանագրից» ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը, «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունից Արամ Վարդևանյանը:
ԱԺ նախագահի երեք տեղակալներից մեկի, ինչպես նաև մշտական հանձնաժողովներից չորսի նախագահների պաշտոնները օրենքով հատկացված են ընդդիմությանը: