Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին առնչվող հերթական միջադեպն այս անգամ ոչ թե անձամբ նրա, այլ իրեն սպասարկող ավտոշարասյան մասնակցությամբ. Սիմոնյանը մեքենայում չի եղել:
«Ժողովուրդ» օրաթերթը մի տեսանյութ է հրապարակել, որտեղ երեկ կեսօրին մոտ Կենտրոնից Նոր Նորք տանող խցանված ճանապարհին Ալեն Սիմոնյանին սպասարկող ավելի քան 200 հազար դոլարանոց BMW-ն ու պետական պահպանության ծառայության Toyota-ն շարունակ հորդորում են աջ քաշել ու զիջել ճանապարհը, այնինչ վարորդը, գործնականում, այդպիսի հնարավորություն չունի:
Քիչ անց մեքենաները Հերացու փողոցից Մյասնիկյան տանող թունելում են ու չնայած այնտեղ երթևեկելի մեկ գոտի կա, Սիմոնյանի ավտոշարասյունը, ըստ «ժողովրդի», շարունակում է ճանապարհ պահանջել, ազդանշանները չեն դադարում նաև թունելից դուրս գալուց հետո, սակայն աջ քաշել հնարավոր չէ, քանի որ հոծ գիծ է, ճանապարհային երթևեկության կանոններով նման գործողություն անել չի կարելի:
Երբ արդեն հնարավոր էր, վարորդը աջ է քաշում, իսկ հետևից շարունակ ազդանշան տվող պետական պահպանության ծառայության Toyota-ի վարորդը ճանապարհը շարունակելու փոխարեն ուղիղ վարում է վարորդի մեքենայի վրա՝ ինչպես ասում են՝ «դիմացը կտրում է», մի անզգույշ գործողություն և միջադեպը կարող էր ողբերգության վերածվել:
Ալեն Սիմոնյանի արձագանքը չուշացավ. առավոտյան հրապարկած տեսանյութով նա ոչ միայն չընդունեց, որ իրեն սպասարկող ավտոշարասյունը վտանգավոր գործողությունների է դիմել, այլև մեղադրանքի սլաքները հենց վարորդի կողմը թեքեց՝ պնդելով, թե նա անկանոն էր վարում ու փորձում սահմանափակել իրեն սպասարկող մեքենաների ընթացքը.
«Էն խնդրանքներին, պահանջներին, որոնք, որ օրենքով սահմանված կերպով ամրագրված է, որ ճանապարհ են ուզում՝ սկսում է չենթարկվել՝ ամեն ձև խոչընդոտելով մեքենաների ընթացքը»,- ասում է Ալեն Սիմոնյանը:
Սիմոնյանը պնդում է՝ ճանապարհը զիջելու պահանջները շարունակվում են ոչ թե թունելում, այլ դուրս գալուց հետո: Սակայն, եթե Ազգային ժողովի նախագահը մինչ թունել մտնելը տեղի ունեցածը ցույց տվող կադրեր է հրապարակել, որոնք նկարահանվել են իրեն սպասարկող ավտոշարասյունից, պատմության երկրորդ մասի և ոչ մի կադր Սիմոնյանը չի ներկայացրել և միջադեպի, ըստ էության, ամենավտանգավոր արարքը, երբ ՊՊԾ մեքենայի վարորդը մեքենայի դիմացը կտրում է, Սիմոնյանի հրապարակած կադրերում չկա.
«Երբ արդեն ակնհայտ է դառնում, որ դիմացի մեքենան իրեն ագրեսիվ է պահում՝ մեքենաներից մեկը՝ ՊՊԾ-ի մեքենան գալիս է և փակում է այդ մեքենան, որպեսզի ինձ սպասարկող BMW մեքենան կարողանա շարունակել իր ընթացքը»,- պատմում է ԱԺ նախագահը:
Դիմել ենք՝ Ներքին գործերի նախարարություն՝ հետարքրվելով, թե Ոստիկանությունն ուսումնասիրո՞ւմ է միջադեպը և արդյո՞ք ավտոշարասյան վարորդների գործողությունները չեն խախտում ճանապարհային երթևեկության կանոնները: Հստակ պատասխան չստացանք՝ առաջարկում են հարցերը պետական պահպանության ծառայությանն ուղղել:
Ալեն Սիմոնյանն, ի դեպ, այսօր չանդրադարձավ հարցին, թե մեքենաներն ինչո՞ւ էին այդքան շտապում, երբ ինքը նույնիսկ մեքենայում չի եղել, հնարավոր չէ՞ր երթևեկել այնպես, ինչպես մյուս վարորդները: Ազգային ժողովի նախագահը նաև ոչ մի բառ չի ասում «Ժողովրդի» մեկ այլ պնդման վերաբերյալ, թե դիմացը կտրելուց հետո աշխատակիցները բղավել են վարորդի վրա: Փոխարենը Սիմոնյանը տեսանյութի երկրորդ հատվածում փոխում է թեման, ինչն էլ իր հերթին իրավապահների պաշտոնեական լիազորությունների վերաբերյալ հարց է առաջացնում.
«Էն քաղաքացին, որը սիրով տրամադրել էր այդ տեսանյութը «Ժողովուրդ» օրաթերթին՝ տեսնելով, որ երկու մեքենայից բաղկացած իմ ավտոշարասյունն է գալիս, դա ոչ այլ ոք է, քան Թագուհի Թովմասյանի հարազատ եղբայրը՝ Պետրոս Թովմասյանը»,- հայտնեց Սիմոնյանը:
Ինչպե՞ս է Ալեն Սիմոնյանը մեքենայի համարանիշով իմացել, որ վարորդը «Ազգային ժողովի» ընդդիմադիր «Պատիվ Ունեմ» խմբակցության պատգամավոր, այս լրատվամիջոցի հիմնադիր Թագուհի Թովմասյանի եղբայրն է: Մի՞թե իրավապահ մարմիններն են այդ տեղեկությունը տրամադրել: Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը հստակեցնում է՝ անձնական տվյալները հանրայնացման համար երրորդ անձանց տրամադրել չի կարելի, թե խորհրդարանի խոսնակը ճանաչում էր վարորդին ու գիտեր նրա մեքենայի համարանիշը: Ներքին գործերի նախարարությունից վստահեցնում են, թե տեղեկությունն իրենք չեն հայտնել:
Ի դեպ, Ալեն Սիմոնյանի ավտոշարասյունը էլի է հայտնվել լրահոսում. ամիսներ առաջ տարածված մի տեսանյութում մեքենաները Սարյան փողոցի երկրորդ գծում էին կայանել, անցած տարի էլ նախկին քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը նկատել էր, որ դրանք կանգնած են Մաշտոցի պողոտայի՝ միայն ավտոբուսների համար նախատեսված երթևեկելի գոտում: