ԱԺ-ն պարզաբանել է գումարների փոխանցումը. 2025-ի առաջին կիսամյակի ամիսների համար հավելյալ վճարում է

ԱԺ աշխատակազմին և բոլոր պատգամավորներին տրամադրված գումարն իրենից ներկայացնում է 2025 թվականի առաջին կիսամյակի յուրաքանչյուր ամսվա համար հավելյալ վճարում ու չի համարվում մեկ միասնական վճար, հայտարարել է խորհրդարանը:

«Տարվա վերջին փոխանցված դրամական միջոցները նախատեսված են 2025 թվականի առաջին կիսամյակի համար, և այսուհետ յուրաքանչյուր կիսամյակի համար տրամադրվող միջոցները կբաշխվեն Ազգային ժողովի աշխատակազմի և պատգամավորների միջև», -անդրադառնալով օրենսդիրներին փոխանցված գումարներին՝ պարզաբանել է խորհրդարանը:

Ընդդիմադիր պատգամավորներն ավելի վաղ մոտ 3-ական միլիոն դրամի մասին էին բարձրաձայնել, նշելով, որ դրանք պարգևավճարներ են, որոնք ուղղելու են բարեգործությանը:

Խորհրդարանը պարզաբանման մեջ նշել է, որ 2017 թվականի համեմատ պետական բյուջեի եկամտային մասն ավելացել է 130 տոկոսով, իսկ այս տարվանից ներդրվել է արդյունքի վրա աշխատանքի գնահատման համակարգ, որը չի ներառել ԱԺ-ն:

Հաշվի առնելով ԱԺ ներկայացուցչական մարմին լինելու հանգամանքը և վերը նշված համակարգում ներառված չլինելը՝ որոշվել է գումար հատկացնել Ազգային ժողովին:

«Այս որոշումը լուծում է Ազգային ժողովում ցածր վարձատրության խնդիրը», - նշված է պարզաբանման մեջ:

Ընդդիմադիր պատգամավորների խոսքով՝ ԱԺ քարտուղարությունից փորձել են ճշտել՝ ի՞նչ փող է դա, ասել են՝ բյուջեի խնայողություններն են վերաբաշխվել և ուղղվել պատգամավորներին:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչպե՞ս են գոյացել պատգամավորների ստացած մոտ 3-ական միլիոնները