ԱԺ-ն քննարկում է Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Ազգային ժողովում այսօր քննարկվեց Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան»-ի առաջադրած թեկնածուի հարցը։

«Ուժեղ Հայաստան»-ը ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի պաշտոնում առաջադրել է Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը։

Ֆարմանյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, նախկինում աշխատել է Պետական եկամուտների կոմիտեում, այսօր հայտարարեց, որ իրեն աշխատանքից հեռացրել են 2019 թվականին՝ հեղափոխությունից հետո, հիմնավորելով, թե նա յուրային չէ և պետք է հեռանա։ Այս որոշումը Ֆարմանյանը անգամ դատական կարգով է բողոքարկել։

Հայկ Ֆարմանյանին հարցեր տալու համար հերթագրվեց մոտ 40 պատգամավոր։ Ընդդիմադիր ուժի թեկնածուին իշխանական պատգամավորները տարբեր հարցեր ուղղեցին, այդ թվում՝ նրա ՊԵԿ-ում աշխատելու տարիների հետ կապված։ Ֆարմանյանից անգամ գնահատականներ էին ակնկալում RT հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի և Կրեմլի ամենահայտնի քարոզիչներից մեկի՝ Վլադիմիր Սոլովյովի հայտարարությունների հետ կապված. «Արդյո՞ք համարում եք Հայաստանի դեմ ուղղված հայտարարություն էր, թե՞ ոչ»։

«Բոլոր այն խոսույթները, որոնք կվիրավորեն հայ ժողովրդին, որոնք չեն բխի Հայաստանի Հանրապետության շահերից, չեմ ողջունում, դատապարտում եմ հստակ», - պատասխանեց նա։

Կային նաև ապօրինի գույքի վերադարձի վերաբերյալ հարցեր, Հայկ Ֆարմանյանը նախ հայտարարեց, թե դա արվում է մարդկանց պատժելու համար և պետք է ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա, շարունակել զրոյական կետից և չվերադառնալ այդ թեմաներին։ Հետո արդեն ի պատասխան իր գործընկերների հարցերին հայտարարեց՝ ընդհանուր թիմի դիրքորոշումը այն է, որ դատապարտելի է ցանկացած թալան: Հայկ Ֆարմանյանի այս հայտարարությանը հետևեցին իշխանականների ծափահարությունները, անգամ հնչեց ռեպլիկ, թե նա կարող էր նստած լինել իշխանական ֆրակցիայի հատվածում։

Հարցուպատասխանի ընթացքում այնքան էլ ակտիվ չէր «Հայաստան» խմբակցությունը։ Խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը «Ազատությանը» տեղեկացրեց, որ իրենք որոշում ունեն կողմ քվեարկելու բոլոր ընդդիմադիր թեկնածուներին, իսկ բոլոր իշխանական թեկնածուների քվեարկություններին չեն մասնակցելու։

Իշխանական խմբակցության ղեկավար Արյուսյակ Մանավազյանը պնդեց, թե նրան ընտրել-չընտրելու հետ կապված դեռ որոշում չունեն:

Հանձնաժողովների նախագահների պաշտոններում թեկնածուներին քննարկելուց հետո արդեն խորհրդարանը կանցնի էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի ձևավորման աշխատանքների հարցի քննարկմանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Եկեք խաղանք այս խաղը». Կաթողիկոսի հոգևոր ու աշխարհիկ անունները փոթորկեցին ԱԺ դահլիճըԱԺ-ն 12 մշտական հանձնաժողովների նախագահներ և փոխնախագահներ է ընտրումԵվրաինտեգրման հանձնաժողովը՝ «Ուժեղ Հայաստանին», Եվրասիականը՝ ՔՊ-ին. ինչպես բաշխվեցին ԱԺ հանձնաժողովները