Ազգային ժողովի այսօրվա քննարկումները հասան մինչև 1999 թիվ, և «Քաղաքացիական պայմանագիր» ու «Հայաստան» խմբակցությունների միջև բուռն բանավեճի թեմա դարձան:
«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված նոր քրեական գործի շուրջ փոխադարձ խայթոցների ֆոնին Փաշինյանի թիմակիցները կրկին խոսեցին հոկտեմբերի 27-ի կազմակերպիչներից, կալանավորված նախկին նախագահի թիմակիցները հակադարձեցին, թե նախկինում սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի մտերիմները, որ բարձր պաշտոններ ունեին, չեն բացահայտել տեղի ունեցածը, հիմա էլ ՝ Փաշինյանի իշխանությունը:
«Հոկտեմբերի 27»-ի թեման բացեց ՔՊ-ական Սասուն Միքայելանը, որը 99-ին ևս ԱԺ պատգամավոր էր: Նոր գումարման խորհրդարանի իր առաջին ելույթում նա հայտարարեց՝ սպանությունները քաղաքական են եղել:
1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում ահաբեկչության հետևանքով սպանվեցին խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանը, երկու փոխխոսնակները, վարչապետ Վազգեն Սարգսյանը, մեկ նախարար և 3 պատգամավոր: 3 տարի ձգված դատավարությունից հետո 6 անձ, այդ թվում՝ ահաբեկչական խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանը դատապարտվեցին ցմահ, մեկը՝ 17 տարվա ազատազրկման:
«Չկար ԱԺ նախագահը, չկային փոխխոսնակները, չկար վարչապետը: Մեր Սահմանադրությամբ ոչ մի բան չէր գործում, ոչ Ազգային ժողովն էր գործում, ոչ էլ կառավարությունը, մնացել էր մի հատ «ցարի բոգ»՝ Ռոբերտ Քոչարյան: Եթե մեկ փոխխոսնակ էլ կենդանի մնար, մեր Սահմանադրությամբ Ազգային ժողովի նիստ կհրավիրվեր, կձևավորվեր նոր կառավարություն, ու պետությունը կընկներ իր հունի մեջ: Այսօր եկել ենք մի տեսակ արդարացնում ենք՝ ապօրինի բռնում են սրան, նրան: Էն ժամանակ էլ օրինական գնդակահարում էին Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնում ամբողջ աշխարհի դեմ», - ասաց Միքայելյանը:
Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը հակադարձեց, թե 27-ի ողբերգությունից հետո Վազգեն Սարգսյանի մտերիմները նշանակվել են բարձր պաշտոնների, բացահայտման բոլոր լծակներն ունեին:
«Հոկտեմբերի 27-ից հետո վարչապետ է նշանակվում նախագահ Քոչարյանի առաջարկով Արամ Սարգսյանը: Պատահական մարդ չէր Արամ Սարգսյանը, Վազգեն Սարգսյանի եղբայրն էր: Դա ի՞նչ նպատակ ուներ, քաղաքական ժեստ էր, որպեսզի այն մարդը, ով ամենաշատը պետք է հետաքրքրված լիներ նման ողբերգության բացահայտմամբ, իրականում տեղ չթողներ կասկածի, որ կբացահայտվի: Այն ժամանակ դատախազ ո՞վ է նշանակվում, Գագիկ Ջհանգիրյանը, այդ հարցադրումները ինձ տալու փոխարեն Գագիկ Ջհանգիրյանին տվեք, Բորիս Նազարյանին տվեք: Ընդհանուր առմամբ, ողբերգությունից հետո կարևորագույն պաշտոններին նշանակվում են մարդիկ, ովքեր ոչ թե Ռոբերտ Քոչարյանի մարդիկ էին, ովքեր պետք է պարտակեին, այլ մարդիկ էին, ովքեր ուղիղ հետաքրքրվածություն ունեին ողբերգության բացահայտման մեջ, և եղավ այն, ինչ եղավ, Նաիրի Հունանյանը այսօր ԱԱԾ պադվալում է։ Եթե նոր բան կար բացահայտելու, բա ի՞նչ էիք անում այս ամբողջ ժամանակահատվածում», - ասաց Գրիգորյանը։
Սասուն Միքայելյանը նաև «Հոկտեմբերի 27»-ի արտաքին հետքն ակնարկեց։ Ահաբեկչության կազմակերպիչների հարցը դատավարությունից հետո էլ տարիներ շարունակ քննարկվում է. «Ուզում եմ մի հատ բան կարդամ։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ «Հոկտեմբերի 27»-ը տեղի է ունեցել արտաքին ուժերի կազմակերպմամբ։ 2005 թվականին պետանվտանգության նախկին փոխգնդապետ Ալեքսանդր Լիտվինենկոն ադրբեջանական շաբաթաթերթում հարցազրույց է տվել, որ «Հոկտեմբերի 27»-ի հանցանքը ռուսական հատուկ ծառայությունների, ավելի ստույգ Գլխավոր հետախուզության վարչության կողմից է եղել։ Ըստ նրա, այդ հատուկ գործունեությունը ռուսական քաղաքական ղեկավարությանը հնարավորություն տվեց կանխելու ղարաբաղյան կարգավորման համաձայնագրի ստորագրումը։ Խաղաղ գործընթացը զարգանում էր ՌԴ-ի վերահսկողությունից դուրս»:
Աննա Գրիգորյանն արձագանքեց. «Ինչ-որ անհասկանալի, հավանաբար ադրբեջանական կայքի մեջբերում էիք անում, ես չհասկացա էլ՝ դա ինչ է։ Ես, ի տարբերություն Ձեզ, ադրբեջանական կայքից մեջբերում չեմ անի։ Վազգեն Սարգսյանի հարազատ եղբոր՝ Արմեն Սարգսյանի մի միտքը հնչեցնեմ արտաքին հետքի հետ կապված։ Մասնավորապես, նա ասում է հետևյալը․ «Այն արտաքին ուժերը, ովքեր կազմակերպեցին «Հոկտեմբերի 27»-ը, կանգնած են այսօրվա իշխանության թիկունքին»։ Ես չգիտեմ՝ Արմեն Սարգսյանը ճի՞շտ է, թե՞ սխալ է։ Ես չգիտեմ՝ Արմեն Սարգսյանը ո՞ւմ նկատի ունի, բայց Արմեն Սարգսյանը Վազգեն Սարգսյանի եղբայրն է»։
«Հայաստան» դաշինքից Ագնեսա Խամոյանը խոսքն ուղղեց նաև իշխանության շարքերում նստած Անդրանիկ Քոչարյանին, որը 99-ին վարչապետ Վազգեն Սարգսյանի խորհրդականն էր. «Այս ցուցակի մասին ինչի՞ չխոսեց պարոն Միքայելյանը, այս ի՞նչ ցուցակ է։ Վազգեն Սարգսյանը ձեր ընկերն էր, չէ՞, ամբողջ կյանքում Վազգեն Սարգսյանի անունը քաղաքական կապիտալի վերածեցիք, օգտագործեցիք, բայց երբ որ ձեր ընկերոջ մարմինը դեռ չէր սառել այս դահլիճում, դուք իր դիակի վրա առևտուր էիք անում։ Ու հետո ամբողջ կյանքում Վազգեն Սարգսյանի անունը օգտագործեցիք, բայց հետո ի՞նչ արեցիք դուք։ Վազգեն Սարգսյանի անունը օգտագործելով դուք իր կյանքի ամբողջ նպատակը տանուլ տվեցիք, վարի տվեցիք, պարոն Քոչարյան, պարոն Միքայելյան։ Վազգեն Սարգսյանի կյանքի ամբողջ նպատակը Արցախյան շարժումն էր, չէ՞, որը ձեր այսօրվա առաջնորդը բեռ ու թակարդ է համարում»։
Խամոյանը մի ցուցակից էր խոսում, որն ըստ հրապարակումների 27-ի ողբերգությունից հետո ներկայացվել է այն ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որպեսզի նա մի շարք առանցքային, այդ թվում՝ վարչապետի, ազգային անվտանգության և ներքին գործերի նախարարների, գլխավոր դատախազի պաշտոններում նշանակի սպանված Վազգեն Սարգսյանի մտերիմներին։ Այնտեղ նաև Անդրանիկ Քոչարյանի անունը կա, որպես համակարգող նախարարի թեկնածու։
«Անդրանիկ Քոչարյանը և թիմակիցները Վազգեն Սարգսյանի սպանությունից հետո պաշտոնների ցուցակ էին ներկայացրել։ Ե՞վ, տիկին Խամոյան, այդ ցուցակից գոնե մեկը նշանակվե՞լ է։ Չի նշանակվել, որովհետև Վազգեն Սարգսյանի սպանությունից հետո Ռոբերտ Քոչարյանը մաքրել է ամբողջ պետական ապարատը Վազգեն Սարգսյանի կադրերից։ Եվ, այո, Վազգեն Սարգսյանի սպանությունից հետո պետք է իր թիմակիցները Հայաստանում իշխանություն ունենային, բայց չունեցան։ Փոխարենը ղարաբաղյան կլանը եկավ ու Հայաստանում զավթեց իշխանությունը։ Զավթեց, հարստահարեց ու 200 միլիոն դոլարը ջեբները դրած հիմա էլ նստած ա, որ գաք ստեղ ասեք՝ «մենք կոռուպցիա ենք բացահայտում»։ Դուք կոռուպցիա մի բացահայտեք։ Դուք որպես կոռուպցիա եք դրսևորում, ինքնաբացահայտվեք», - հայտարարեց ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը։
Մինչ Սասուն Միքայելյանը պատմում էր՝ ինչ է տեսել, Խամոյանը, ավագ գործընկերներին հղում անելով, հայտարարեց՝ նա դահլիճում չի եղել, նույն ժամերին մասնակցել է Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսի ընտրությանը։
«Հայաստան» դաշինքի մեկ այլ պատգամավոր Գեղամ Մանուկյանը շարունակեց թեման. «Սասուն Միքայելյանը ասում է՝ «ցարի բոգ» էր Ռոբերտ Քոչարյանը»։ Բա Արամ Զավենի Սարգսյանը, Մանվել Գրիգորյանի ու Սեյրան Սարոյանի գլխավորությամբ ո՞նց էր այդ կորտեժներով ամեն օր գալիս կառավարության շենք։ Ո՞վ էր տեր ու տիրականը Հայաստանում։ Ո՞վ էր գլխավոր դատախազը։ Ո՞նց էր երկրապահն ամբողջ օրը կառավարության շենքում»։
«Հոկտեմբերի 27»-ի կազմակերպիչների մասով քրեական գործը մոտ յոթ տարի առաջ է վերաբացվել։ Քննում է Քննչական կոմիտեն։ Երկու տարի առաջ գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ վերսկսված քննության ընթացքում հարցաքննվել է և ցուցմունքներ է տվել ցմահ դատապարտված Նաիրի Հունանյանը։ Հարցաքննվել են նաև ահաբեկչական խմբի երեք այլ անդամներ։ Հինգ տարվա մեջ ցուցմունք են տվել նաև 24 վկաներ։
Գլխավոր դատախազությունից այսօր պնդեցին՝ նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են արել, թե ի՞նչ արդյունքներ են արձանագրել, նախաքննության շահերից ելնելով ասածին՝ չեն կարող պատասխանել։ Փաստ է, որ կազմակերպիչների բացահայտման մասին չի հայտարարվել, իսկ նախաքննությունը շարունակվում է։