ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց մեդիա ոլորտում առաջարկվող խստացումներին

Շուրջ ամիսուկես առաջ էր Կառավարությունը հավանություն տվել, որ Բարձր տեխնոլոգիաների նախարարությունը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում խստացումներ անի: Դրանք այսօր Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նիստում քննարկվեցին:

«Օրենքն ընդունվելու դեպքում կարգելվեն տեսալսողական հաղորդումներում սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմ քարոզելու նպատակ հետապնդող տեղեկատվության տարածումը, բռնություն և դաժանություն քարոզ պարունակող տեղեկատվության տարածումը», - հայտարարեց նախարար Մխիթար Հայրապետյանը:

Նախարարը շարունակեց՝ արգելվելու է նաև ազգային, ռասայական, սեռային, կրոնական ատելություն բորբոքող բովանդակության հեռարձակումը: Ցանկն այսքանով չի սահմանափակվում:

«Արգելվում է օտարերկրյա տեսալսողական ծրագրերում ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության տարածումը», - ասաց Հայրապետյանը:

Ավելի վաղ մեդիափորձագետները մտահոգություն էին հայտնել, որ այս փոփոխությունն իշխանությանը ազատ մեկնաբանության տեղ կարող է տալ: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ընդգծել էր՝ այդ արգելքների մի մասն արդեն Քրեական օրենսգրքով սահմանված է: Միաժամանակ, փորձագետի կարծիքով, իշխանությունն այս քայլով գուցե փորձում է Ռուսաստանից եկող հիբրիդային վտանգները չեզոքացնել:

«Կարծում եմ, որ սա նախընտրական շրջանի համար լրացուցիչ կարգավորումներ է նախատեսում, խստացնելու է այդ իրավիճակը, իսկ ցանկացած խստացում՝ էս տիպի խստացում, իր մեջ ռիսկեր է պարունակում խոսքի ազատության տեսանկյունից, կարծիքների ազատ արտահայտման տեսանկյունից», - ընդգծել էր Մելիքյանը:

Երևանի Մամուլի ակումբի նախագահ, մեդիափորձագետ Արթուր Պապյանն ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում հիշեցրել էր ռուսաստանցի մեծահարուստ գործարար Սամվել Կարապետյանի հայտարարությունը, որից հետո նա իշխանության յուրացման կոչի հոդվածով հայտնվեց բանտում: Ասում է՝ լեզվաբաններն ու հոգեբանները մինչև հիմա չեն կարողանում բացատրել, թե Կարապետյանի նշած «Մեր ձևով»-ն ինչ է նշանակում, բայց ահա, օրենքի ընդունումից հետո, ըստ Պապյանի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի լիազորությունները կընդլյանվեն, ու հենց այս մարմինը միանգամից կորոշի՝ ինչը փակել, ինչը՝ ոչ:

«Որովհետև եթե խորանանք, դուրս է գալիս, որ, օրինակ, Euronews-ը կամ CNN-ը հանկարծ Հայաստանի իշխանություններին ոչ հաճո կոնտենտ տարածեն, կարող է հանձնաժողովը որոշել, որ արգելափակվում է և նույնիսկ արխիվից հանվում է, ինչը շատ խնդրահարույց է ժողովրդավարության տեսանկյունից», - ընդգծել էր Պապյանը՝ շարունակելով. - «Այո, հասկանալի է, որ, կամ ենթադրվում է, կամ հավանաբար այդպես է ներկայացվում, որ սա ռուսաստանյան ալիքների դեմ է արվում, կամ նույն ադրբեջանական, բայց եկեք հասկանանք. իրականում Հայաստանում հեռարձակվում են ռուսաստանյան հեռուստաալիքներ, մենք այդ մասին մեդիահանրությամբ հայտարարություն ենք տարածել, դա չի կարգավորվում այս օրենքով, որովհետև այդ ալիքները հեռարձակվում են միջպետական պայմանավորվածությունների դաշտում, և եթե իշխանություններն ուզեին, դրանք կարող էին դադարեցնել, ինչին մենք նաև կոչ էինք արել, ցանկացած պահի»:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը վստահեցնում է՝ խոսքը միայն օտարերկրյա հաղորդումների մասին է. եթե դրանցում Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտելու դեպքեր լինեն, հաղորդումը կդադարեցվի:

«Սիրով առաջարկում ենք, որ հայաստանյան հեռուստաալիքները շարունակեն միջամտել Հայաստանի ներքաղաքական կյանքին՝ անխնա քննադատական գնահատականներ հնչեցնելով՝ արդարացի, ոչ այնքան արդարացի, իշխանության համար հաճելի կամ ոչ այնքան հաճելի», - վստահեցրեց Հայրապետյանը:

Իշխանական պատգամավորներից մեկը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է որոշվելու, թե որ բովանդակությունն է համարվելու միջամտություն:

Նախարարն օրինակներ բերեց. - «Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտող հեռուստաբովանդակություն համարվի այն տեղեկատվական, վերլուծական կամ քարոզչական բնույթի հաղորդումը, որը ուղղակի կամ անուղղակի կերպով նպատակ ունի ազդել ներքաղաքական կյանքի գործընթացների վրա, այդ թվում՝ պետական իշխանության ձևավորման, ընտրությունների կամ հանրաքվեների, քաղաքական կուսակցությունների կամ շարժումների գործունեության, հանրային կարծիքի ձևավորման ներքին քաղաքական հարցերի վերաբերյալ, ստեղծվում, ֆինանսավորվում կամ խմբագրվում է օտար պետության, օտար պետական մարմնի կամ դրանց հետ փոխկապակցված կազմակերպության կողմից և չի հանդիսանում չեզոք տեղեկատվության փոխանցում, այլ պարունակում է քաղաքական դիրքորոշման քարոզ, կոչեր, գործողության կամ դիմադրության, պետական ինստիտուտների լեգիտիմության խաթարում, կոնկրետ քաղաքական ուժի կամ գործչի աջակցություն կամ վարկաբեկում»:

Կրեմլի հայտնի քարոզիչներից Վլադիմիր Սոլովյովի օրինակն էլ իշխանական պատգամավոր Թագուհի Ղազարյանն ու Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը բերեցին: Սոլովյովն իր հեղինակային «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ընթացքում դարձյալ Հայաստանին էր անդրադարձել՝ խոսելով, ինչպես ինքն էր ձևակերպել, Հայաստանում ևս Ուկրաինայի օրինակով «հատուկ ռազմական գործողություն» սկսելու անհրաժեշտությունից։

«Սոլովյովի այս խոսքերը բռնության կոչեր են», - ասաց Տիգրան Հակոբյանը:

«Եթե նույն Սոլովյովը ողջուներ ընդդիմության քայլը, որը ուզում է մասնակցի ընտրություններին, որը Ռուսաստանի հետ ուզում է պայմանագիր կնքի, որևէ էնտեղ բռնության կոչ չկա, դա ողջույն է էն քաղաքական ուժի, որը, իրենց կարծիքով, տանում է իրենց օրակարգը: Սոլովյովը արգելված է հանրային մուլտիպլեքսում, Սոլովյովը ոչ միայն ռուսական պետական հեռուստաալիքում է ելույթ ունենում, այլ նաև "Россия 24" քարոզչական ալիքով, որի հանդեպ որևէ կարգավորում նախարարությունը չունի և չունենք մենք: Էս փոփոխություններով մենք ստանում ենք այդ իրավունքը, որպեսզի մշադիտարկենք և իրավասու լինենք արգելել, կասեցնել, մինչև ինչ-որ բաներ շտկեն», - ընդգծեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահը:

Խորհրդարանական հանձնաժողովը կողմ քվեարկեց նախագծին, այն կմտնի լիագումար նիստերի օրակարգ: Ընդդիմությունն, ի դեպ, նիստին ներկա չէր:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պաշտոնական Երևանը բողոքի նոտա է հղել Մոսկվային՝ Սոլովյովի հայտարարությունների կապակցությամբԿարգավորում, թե անցանկալի լրատվամիջոցներին լռեցնելու հնարավորություն. խստացումներ՝ մեդիա ոլորտումԱնցանկալի ձայների լռեցում. փորձագետը՝ մեդիայի վերաբերյալ նոր օրենքի մասին