Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին այսօր Մամուլի ազգային ակումբում հրավիրված հանդիպման ժամանակ պահանջեց, որպեսզի «Ազատություն»-ը հեռանա սրահից՝ սպառնալով՝ այլապես ինքը կլքի տարածքը:
Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը դեսպանին բացատրեց, թե նա կարող է «Ազատության» հարցերին չպատասխանել, բայց լրագրողին դուրս հանել չեն կարող:
«Մամուլի ազգային ակումբը լրագրողական այն կազմակերպությունն է, որտեղ բոլոր լրագրողների իրավունքներն են պաշտպանում, հարցերին պատասխանել - չպատասխանելը Ձեր իրավունքն է» ,- ասաց Մկրտչյանը:
Դեսպանն ի պատասխան ասաց, թե հասկանում է, բայց նորից պնդեց, որ «Ազատություն»-ը լքի դահլիճը:
«Եթե այստեղ լինի, ես կգնամ», - ասաց նա:
Նարինե Մկրտչյանը կրկին նշեց, որ լրագրողին դուրս հանել չեն կարող՝ խնդրելով սկսել հանդիպումը և չբարդացնել իրավիճակը:
«Ես չեմ մասնակցի»,- ասաց դեսպանը և դուրս եկավ սրահից:
Որպեսզի Մամուլի ազգային ակումբի հրավիրված հանդիպումը չտապալվի, որոշեցինք դուրս գալ սենյակից: Երբ դեսպանին տեղեկացրին, որ «Ազատություն»-ը հեռանում է, Մեհդի Սոբհանին կես ճանապարհից վերադարձավ:
Երբ մենք հավաքում էինք մեր իրերը, դեսպանը կոշտ ձևով կրկին պահանջեց, որ դուրս գանք՝ ճշտելով՝ արդյո՞ք օպերատորը նույնպես լքել է սրահը: «Ազատություն» ռադիոկայանը հիշեցրեց դեսպանին, որ անցած տարի հենց ինքն էր բացառիկ հարցազրույց տվել «Ազատությանը», որտեղ արտահայտել էր իր բոլոր մտքերը՝ նույնիսկ ԱՄՆ-ի հասցեին հնչեցնելով ամենասուր քննադատությունները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Իրանը կողմ է Նախիջևան-Սյունիք ճանապարհի գործարկմանը՝ Հայաստանի ինքնիշխանության ներքո․ Սոբհանի
Օրեր առաջ էլ ներկա ենք եղել դեսպանատանը Մեհդի Սոբհանիի հրավիրած ասուլիսին, որտեղ նա առանց որևէ վերապահման պատասխանել էր «Ազատության» բոլոր հարցերին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Իրանի դեսպանը չի հերքում՝ Բաքվի հետ քննարկել են Սյունիքի հետ կապված մտահոգությունըԻ պատասխան դեսպանն ասաց, թե օրեր առաջ տեղ ունեցած ասուլիսին թույլ չէր տա ներկա գտնվեինք, եթե իմանար, որ մենք էլ ենք այնտեղ: Ինչ վերաբերում է իր նախաձեռնությամբ տված հարցազրույցին, ապա իրանցի դիվանագետն ասաց, թե այո, բարի կամք են դրսևորել, և հարցազրույց է տվել:
«Բայց հիմա դուք մեր թշնամիների համար եք աշխատում»,- ասաց դեսպանը: