«Ազատության» հրապարակումից հետո ծաղկաձորյան ճամբարում «հանգստացող» երեխաներին տեղափոխել են

Լուսանկարը ձախ կողմից Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբարն է, իսկ աջ կողմում՝ «Զեփյուռ» ճամբարից

Այսօր «Աղբյուր» ճամբարի բոլոր երեխաներին տեղափոխել են Ծաղկաձորի մոտ գտնվող Փյունիկ գյուղի «Զեփյուռ» ճամբար: Այս լուրը հաստատել են Կրթության նախարարությունից:

«Ազատությունը» երեկ էր պատմել պետական միջոցներով «Աղբյուր» ճամբարում վատ պայմաններում «հանգստացող» երեխաների մասին:

«Ազատությունը» նկարահանել էր, թե ինչպիսի պայմաններում են երեխաներն անցկացնում ճամբարում. փայտե խարխուլ տնակներ, որոնցից ամեն մեկում մոտ տասը երեխա էր քնում, խորհրդային հին մահճակալներ, անկողինները՝ ճամբարային տասնամյակների անցյալով, խիտ-խիտ երեխաներ ու սանհանգույց կոչվող հատված, որտեղ հիգիենա հուշող որևէ պարագա չկար, դրանց կարիքն էլ չկա, որովհետև տաք ջուր չկա:

Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբարը

«Ե՞րբ եք լողացել» հարցը մտքերի մեջ էր գցում երեխաներին. քանի օր այդ ճամբարում էին՝ հենց այդքան օր էլ չէին լողացել:

250 երեխա ու մի քանի տասնյակ ջոկատավարներ պահող ճամբարում ճաշարանն ընդամենը 200 տեղ ուներ: «Ազատության» նկարահնման պահին մի խումբ երեխաներ արևի տակ սպասում էին ճաշարան մտնելու իրենց հերթին, մի քանի անգամ խմբով տեղից տեղ էին գնում՝ արևի տակ չդիմանալով:

Լուսանկարում՝ ձախ կողմից «Աղբյուր» ճամբարն է, աջ կողմից՝ «Զեփյուռ»

Ժամանակակից որևէ խաղասարք չկար «Աղբյուր» ճամբարի տարածքում, երեխաները պատմում էին, որ գնդակ հասնում է ամենահաջողակներին, փոխարենը՝ զբոսնում էին:

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.