15 զինծառայողի կյանք խլած Ազատի զինվորական կացարանի հրդեհի ավելի քան երեք տարի առաջ սկսված դատավարությունը մոտենում է ավարտին։
Անցնող տարում ևս մի քանի տասնյակ վկա է հարցաքննվել, սակայն ըստ տուժողների իրավահաջորդների փաստաբան Նորայր Նորիկյանի՝ հարցաքննությունները ոչ միայն չեն բացահայտել հրդեհի պատճառները, այլև նոր բազմաթիվ հարցեր են առաջացրել։ «Տվել են իրարամերժ ցուցմունքներ, մեկը մյուսին հակասող ցուցմունքներ, իրենց միջդատական և դատաքննական ցուցմունքներում են առկա եղել էական տարբերություններ», - ասաց նա։
Նորիկյանի խոսքով՝ երեք տարուց ավելի ձգվող դատավարությունն ընթացել է պաշտոնական վարկածի շուրջ, թե կապիտան Եղիշե Հակոբյանը փորձել էր բենզինով թեժացնել վառարանը, ինչի հետևանքով էլ հրդեհ էր բռնկվել։ Ըստ դատաբժշկական փորձաքննության՝ զինվորների մահվան պատճառը հրդեհից գոյացած շմոլ գազն ու այրվածքային շոկն են։ Մինչդեռ դեպքի վայրը զննած փորձաքննությունների ազգային բյուրոյի պայթյունատեխնիկական և հրդեհատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Դավիթ Մելքումյանը շաբաթներ առաջ դատարանում այս վարկածը հերքող պնդում էր արել։
Ըստ այս փորձագետի՝ փայտե վառարանից շմոլ գազ չի առաջանում. «Փայտե վառարանի շահագործման դեպքում շմոլ գազի առաջացման դեպք փորձագիտական պրակտիկայում չեմ ունեցել»։
Փորձաքննությունների ազգային բյուրոյի ներկայացուցչի պնդումները Նորայր Նորիկյանը շրջադարձային է համարում, հայտարարում՝ եթե շմոլ գազն է եղել զինվորների մահվան պատճառը, պետք է հասկանալ՝ ինչպես է այն առաջացել. «Շատ կարևոր է ստանալ այդ հարցի պատասխանը, արդյոք այդ տարածքում շմոլ գազ եղե՞լ է, թե՞ ոչ, եթե այո, այդ շմոլ գազը ինչից է առաջացել, արդյոք դա պայմանավորված է վառարանը վառելուց, թե այլ հանգամանքով»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ազատում հրդեհից զոհված զինվորների հարազատները վաղ առավոտից փակել էին կառավարության շենքին հարակից փողոցներըՊաշտոնական վարկածը հրդեհից ժամեր անց հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հնչեցրել կառավարության նիստի ընթացքում։ Որտեղի՞ց է վարչապետն իմացել ու վստահել այս տարբերակին, այս ու այլ հարցերի պատասխանը պարզելու համար տուժող կողմը պատրաստվում է միջնորդել, որ դատարան հարցաքննության հրավիրվեն վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Վերջիններս դատարանում պարզաբանեն, թե ինչ կարգով, եղանակով, ում կողմից, ինչ հանգամանքներում են ստացել դեպքի վայրի, դեպքի մասին տեղեկությունները, ովքեր են իրենց զեկուցել, այդ զեկույցների բովանդակությունը ինչպիսին է եղել, իրենք ինչ կարգի հրամաններ, հրահանգներ են տվել, ինչու հանկարծ որոշվեց կառավարության նիստում այդպիսի արագությամբ կայծակնային, երբ դեռևս զոհված զինծառայողները գտնվում էին համապատասխան բժշկական հիմնարկներում, իրենք արդեն իսկ որոշեցին և որակեցին հանցագործության բնույթը, էությունը» - նշեց փաստաբանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հնարավոր է՝ դիվերսիան են փորձում թաքցնել». Ազատի զորամասի զոհերի ծնողները դժգոհ են քննությունիցՏուժողների իրավահաջորդները պնդելու են նաև կրկնակի փորձարարություն հենց դեպքի վայրում:
Դատարանն առաջիկայում կհետազոտի իրեղեն ապացույցները՝ հրդեհված կացարանի վառարանն ու տարածքում եղած ինքնաձիգները։