Այս դատավճիռն իրավաբանորեն անհիմն է. Ռուբեն Վարդանյանի իրավաբանական թիմի հայտարարությունը

Ռուբեն Վարդանյանի դեմ կայացված վճռի վերաբերյալ Վարդանյանի իրավաբանական թիմը հայտարարում է՝ այս դատավճիռն իրավաբանորեն անհիմն է։

«Այս վճիռն անկախ և անաչառ դատական գործընթացի արդյունք չէ, այլ քաղաքական նկատառումներով պայմանավորված վարույթի կանխատեսելի հետևանք՝ ամբողջությամբ անհամատեղելի արդար դատաքննության երաշխիքների հետ»,- հայտարարում է Ռուբեն Վարդանյանի իրավաբանական թիմը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուբեն Վարդանյանին՝ 20 տարի ազատազրկում. ընտանիքը սարսափեցնող է որակում

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման: Երբևէ զինվորական պաշտոն չզբաղեցրած Ռուբեն Վարդանյանին Բաքվի դատարանը մեղավոր ճանաչեց մի շարք հանցանքների, այդ թվում՝ Ադրբեջանի դեմ պատերազմի, ահաբեկչության ֆինանսավորման, մարդկանց տեղահանելու մեջ։

«Դատավարությունն ի սկզբանե ընթացել է և՛ Ադրբեջանի ներքին օրենսդրության, և՛ այդ երկրի միջազգային պարտավորությունների լուրջ և համակարգային խախտումներով: Դատարանը չի բավարարել Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրով և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված անկախության և անկողմնակալության պահանջներին: Մեղադրանքների ձևակերպումը և էությունը խաթարել են անմեղության կանխավարկածը»,- հայտարարում են Ռուբեն Վարդանյանի իրավաբանական թիմի ներկայացուցիչները:

Նրանց տարածած հայտարարությունում նշվում է՝ պաշտպանական կողմը զրկված է եղել գործի նյութերին պատշաճ ծանոթանալու հնարավորությունից՝ ունենալով խիստ անբավարար ժամանակ նյութերի ուսումնասիրման համար։

«Բազմիցս խոչընդոտվել են միջնորդություններ անելու և արդարացնող ապացույցներ ներկայացնելու փորձերը։ Պարոն Վարդանյանին չի տրամադրվել իր կողմից ընտրված փաստաբանի հետ լիարժեք աշխատելու հնարավորություն։ Սրանք ընթացակարգային խախտումներ չեն և ուղղակիորեն զրկել են Վարդանյանին արդյունավետ պաշտպանություն իրակականացնելու հիմնարար իրավունքից։ Դատավարության կողմերի հավասարության սկզբունքը չի գործել։ Պարոն Վարդանյանին չի տրվել իրեն առաջադրված մեղադրանքներն իրավասու, անկախ ու անաչառ դատարանում վիճարկելու իրական հնարավորություն: Նման հանգամանքներում դատավճիռն անկողմնակալ լինել չի կարող»,- ասված է տարածված հայտարարությունում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևը բացառել է, որ Բաքվում պահվող Արցախի ղեկավարությունը ազատ կարձակվի

Իրավաբանական թիմի ներկայացուցիչները կոչ են արել միջազգային կազմակերպություններին, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներին և պատասխանատու կառավարություններին՝ «անհապաղ և կոնկրետ քայլեր ձեռնարկել Ռուբեն Վարդանյանի և Բաքվում պահվող և ապօրինի դատապարտված մյուս հայերի իրավունքները պաշտպանելու և նրանց ազատ արձակումն ապահովելու համար: Քաղաքական դրդապատճառներով հետապնդումների նորմալիզացումը սպառնում է ոչ միայն շահագրգիռ անձանց, այլև միջազգային իրավակարգի հեղինակությանը»,- նշում են իրավաբանները:

Ավելի վաղ էլ 15 տարվանից մինչև ցմահ ազատազրկման էին դատապարտվել Արցախի մյուս ղեկավարներն ու գործով անցնող մեղադրյալները:

Ադրբեջանի նախագահը օրերս, ըստ էության, բացառել էր, որ նրանք ազատ կարձակվեն՝ թեև հաստատել էր, որ Բաքու այցի ժամանակ հարցը բարձրացրել էր Միացյալ Նահանգների փոխնախագահը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուբեն Վարդանյանը ընտանիքին է փոխանցել Բաքվի դատարանում իր վերջին խոսքի բովանդակությունըՑմահից մինչև 15 տարի. գերիների հարազատների արձագանքը Բաքվից հնչած պատժաչափերին 20 տարվա և ցմահ ազատազրկում Բաքվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբԴատում են ոչ թե ինձ ու մյուս 15  հոգուն, այլ բոլոր հայերին. Ռուբեն ՎարդանյանԱշխատանքը չի դադարելու, մինչև վերջին հայը չվերադառնա Հայաստան. Սիմոնյանը՝ գերիների մասին