Թալինի ՔՊ-ական համայնքապետ Տավրոս Սափեյանը, որ Մայր Աթոռի դեմ՝ Փաշինյանի արշավի ակտիվ մասնակիցներից է, արցախցի կնոջը զգուշացնում է՝ այդ պահվածքով Հայաստանում երկար չեն ապրի:
Սոցիալական ցանցերում մի տեսանյութ է տարածվել, թե ինչպես է Թալինի համայնքապետը վիճում արցախցի կնոջ հետ: Ըստ «Արցախ» լրատվականի՝ Արևիկ Գրիգորյանն է, ինը երեխաների մայր: 2023-ին ինը երեխայի հետ բռնի տեղահանված ու Ներքին Սասնաշեն հասած կնոջից ՔՊ-ական Սափեյանը պահանջում է, որ հիշի՝ ով է իրենց կացարան տվել, երեխաներին օգնել:
«Ծպտուններդ դուրս չգա, Ղարաբաղի նախկին պաշտոնյա, պսևդոէլիտայի ներկայացուցիչներ, մեկիդ ծպտունը դուրս չգա, վեր ընկեք տեղներդ». ղարաբաղցիների հասցեին վարչապետ Փաշինյանի այս խոսքերից հետո Արցախի նախկին պաշտոնյա Ֆելիքս Գաբրիելյանն էլ Պաշտպանության նախարարությունից ծանուցում է ստացել, որ ազատի բնակարանը:
Երևանյան այդ տունը նա որպես ծառայողական կեցավայր էր ստացել էր 2008-ին՝ կառավարության որոշմամբ, երբ Հայաստանի ՊՆ-ի ռազմական խորհրդի անդամ էր:
Գաբրիելյանի փաստաբան Ռոման Երիցյանը 10 հոգանոց ընտանիքին տնից հանելու որոշումը կապում է Փաշինյանի վերջին հայտարարությունների ու նախընտրական զգուշացումների հետ. «Ավելի քան համոզված եմ»:
Ֆելիքս Գաբրիելյանը Արցախում տարբեր պաշտոններ է զբաղեցրել: 12 տարի զինկոմիսարիատն է ղեկավարել, Պաշտպանության բանակում է պաշտոն ունեցել, Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական խորհրդի անդամ է եղել, իսկ Ադրբեջանի վերջին հարձակման ու Ղարաբաղի հայաթափման ժամանակ բնապահպանության ոլորտն է ղեկավարել:
Տարիներ առաջ Երևանում ստացած նրա բնակարանը 60 քառակուսի մետր է՝ ապրում են մեծ ընտանիքով: Ինչո՞ւ հանկարծ որոշեցին, որ 18 տարվա կեցավայրը պետք է հիմա լքի, ինչ հիմքով՝ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը մեր զանգերին ու նամակին չպատասխանեց, ավելի ուշ ասաց՝ գրավոր դիմենք: Փաստաբանի խոսքով, այսպես են հիմնավորել. «Բնակարանը հատկացվել է ոչ իրավաչափ»:
«Գրեթե19 տարվա վաղեմություն ունեցող վարչական ակտը փորձում են դիտարկել ոչ իրավաչափ՝ առանց որևէ պարզաբանման կամ առանց որևէ փաստական հիմնավորման», - ասաց Ռոման Երիցյանը:
Արցախցի նախկին պաշտոնյան չի պատրաստվում դուրս գալ բնակարանից, դիմելու են դատարան: Փաստաբանի տեղեկություններով՝ նա միակ արցախցին չէ, որ այս օրերին նման ծանուցում է ստացել: Թե հստակ քանի՞սն են՝ նախարարությունից դեռ սա էլ ճշտել չի հաջողվել:
«Այլ արցախցիների ևս ուղարկվել է, հիմնականում Պաշտպանության նախարարության բարձրաստիճան զինվորական սպաներն էին», - նշեց Երիցյանը:
Քննիչներն էլ Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի հեռախոսն է առգրավել. Ըստ նրա փաստաբան Երիցյանի՝ ադրբեջանական վերջին հարձակման օրերին Արցախում բենզալցակայանի պայթյունի հետ է կապված: Շահրամանյանի ծառայողական մեքենան էլ երկու տարի առաջ են առգրավել՝ քննչական գործողություններ կատարելու հիմնավորմամբ ու մինչ օրս չեն վերադարձրել:
Արցախցիները կարող են զրկվել նաև Հայաստանում իրենց վերահսկողության տակ գտնվող միակ գույքից՝ մշտական ներկայացուցչության շենքից: Անցած տարի դատախազությունը դիմել է դատարան, որ անվավեր ճանաչեն Արցախի կառավարության սեփականության իրավունքը: Դատարանի որոշումը դեռ չկա: