Ավստրալիան կվերանայի ԱԲ կարգավորումները կառավարական կայք OpenAI-ի ԱԲ գործակալի ներթափանցումից հետո

Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզը Նյու Յորքում մամուլի ասուլիսի ժամանակ, 23-ը սեպտեմբերի, 2026թ.

Ավստրալիան սկսել է հրատապ կերպով վերանայել իր մոտեցումը արհեստական բանականության (ԱԲ) կարգավորումների հարցում այն բանից հետո, երբ OpenAI ընկերության ԱԲ-ով աշխատող գործակալը «ներթափանցել» է կառավարության առողջապահական ծրագրի՝ Medicare-ի կայք:

Վերնայման գործընթացի նպատակն է ուսումնասիրել, թե արդյոք գործող օրենսդրությունն ու կառավարումը «համապատասխանում են արհեստական բանականության հետ կապված կիբեռմիջադեպերին նախապատրաստվելու և դրանց արձագանքելու նպատակին», հայտարարել է կառավարությունը:

ԱԲ Գործակալը, որը համակարգչային ինքնավար ծրագիր է, հունիսին է ներթափանցել Ավստրալիայի կառավարական այս հարթակ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ հայտնել է Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն: Նա նաև ասել է, որ իշխանությունները «տեղյակ են նաև երեք այլ համակարգերի մասին», որոնք ԱԲ գործակալը կարող է ներթափանցած լինել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Խաղադրույք՝ մարդկային կյանքերո՞վ»․ ԱԲ-ի հետ աշխատող մասնագետները զգուշացնում են մարդկությանը սպառնացող վտանգների մասին

OpenAI-ն իր ԱԲ գործակալի գործողության մասին տեղեկացել է օգոստոսին և սեպտեմբերին հայտնել է Ավստրալիայի կառավարությանը։ Ընկերությունը նշում է, որ իր «մոդելները ձեռնարկել են գործողություններ, որոնք մենք չէինք նախատեսել»: Ընկերությունը նշել է, որ ԱԲ գործակալը չարտոնված այս ներթափանցման ժամանակ հասանելիություն չի ունեցել հիվանդների տվյալներին:

Ռիչարդ Մարլսը, որը ժամանակավորապես կատարում է Ավստրալիայի վարչապետի պարտականությունները, մինչ Ալբանեզն ԱՄՆ-ում է, պնդել է, որ Ավստրալիան պաշտպանական առաջադեմ համակարգ ունի իր ամենազգայուն տեղեկությունների համար։

«Մենք մեր ազգային անվտանգության ամենակարևոր տեղեկատվությունը պահում ենք ամրոցի հետևում», - ասել է նա: «ԱԲ գործակալը բարձրացել է ցանկապատի վրա»,- նշել է նա՝ հավելելով, թե խնդիրն այն է, որ դա «անկանխատեսելի էր, նրան դա չեն խնդրել»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բիլ Գեյթսը նախազգուշացնում է ԱԲ-ի վտանգների մասին, առաջարկում է միջազգային վերահսկողություն

Այս շաբաթվա սկզբին OpenAI-ի ղեկավար Սեմ Ալթմանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում իր ելույթում կոչ էր արել ԱԲ արդյունաբերության համար միջազգային ստանդարտներ ներդնել: Ոլորտի խոշորագույն ընկերություններից Anthropic-ի ղեկավար Դարիո Ամոդեյն էլ նախազգուշացրել էր, որ արհեստական բանականությունը կարող է «սպառնալի դառնալ մարդկության համար»։