Ավինյանը զգուշացրել է՝ ուղեվարձի հավաքագրմանը չմասնակցող վարորդները կարող են զրկվել արտաժամյա վճարումից

Երևանի քաղաքապետն այսօրվա նիստում, դիմելով «Երևան Ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Բեգլար Կիրակոսյանին, զգուշացրեց, որ ուղեվարձի հավաքագրմանը չմասնակցող վարորդները կարող են զրկվել արտաժամյա վճարումից։

«Չի կարող լինել մի իրավիճակ, երբ մենք մեր բոլոր աշխատակիցներին, մեր բոլոր վարորդներին նորմալ վճարում ենք բոլոր արտաժամյաներով, և իրենք որևէ կերպ որևէ պրոցեսին չեն մասնակցում, մասնավորապես, հավաքագրման պրոցեսին չեն աջակցում»,- ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Ավինյանը համարում է, որ «Երևան Ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Բեգլար Կիրակոսյանի թերացումն է սա, նա էլ իր հերթին շտապեց արդարանալ.

Տիգրան Ավինյան.- «Սա իրականում երևի թե նրանց մեղքն էլ չի, սա Ձեր դրվածքն է, որը առաջին օրվանից ես ասել եմ, որ անընդունելի է»:

Բեգլար Կիրակոսյան.- «Այսօրվանից հրահանգավորված է բոլոր վարորդներին»:

Ավինյանն այդպես էլ չմանրամասնեց՝ ավտոբուսի վարորդներն ինչպե՞ս պետք է մասնակցեն ուղեվարձի հավաքագրմանը, երբ դա անցած հունվարից այլևս քարտով է, ոչ թե կանխիկ, ինչպես նախկինում ու ինչպե՞ս պետք է և՛ ավտոբուսը վարեն, և՛ այդ հարցերը կարգավորի:

Այս հայտարարությունից ժամեր անց, ավագանու ընդդիմադիր անդամներից Գևորգ Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ հրապարակեց, որտեղ վարորդը պահանջում է վճարել, ուղևորը հակառակվում է:

«Վարորդներին նման պահանջ ներկայացնելը շանտաժ ու սպառնալիք է. ավագանու ընդդիմադիր անդամ

Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը հիշեցնում է, որ նախորդ տարի վարորդները բողոքի ակցիաներ էին կազմակերպել՝ պահանջելով բարելավել իրենց աշխատանքային պայմանագրերը։ Սուքիասյանը նշում է՝ ուսումնասիրել է այդ պայմանագրերը, ասաց՝ Ավինյանի այսօրվա պահանջի մասին այնտեղ ոչ մի կետ չկա.

«Նրանց աշխատանքային պայմանագրի մեջ ուղևորավարձի գանձումների հետ կապված ոչինչ ասված չէ, վարորդի պարտականությունների մեջ չի մտնում գանձումներին հետևելը, վարորդներին նման պահանջ ներկայացնելը որևիցե իրավական հիմք չունի, դա շանտաժ ու սպառնալիք է»,- ասում է ավագանու ընդդիմադիր անդամ Մանուկ Սուքիասյանը:

Բողոքող վարորդները պահանջում էին նաև կոպեկով վճարման հնարավորությունը վերադարձնել, սակայն քաղաքային իշխանությունը մերժեց՝ պնդելով, որ դա խորացնում է ստվերային դրամահավաքը։ Ընդդիմադիր Մանուկ Սուքիասյանն ասում է՝ իրենք առաջարկել էին, որ միասնական տոմսային համակարգին անցնելու առաջին տարին ուղեվարձի 100 դրամը պահպանվի, որպեսզի հստակ պատկեր լինի՝ որքան գումար է հավաքագրվում, գուցե ստվերային գումարները սպիտակ դաշտ բերելով հնարավո՞ր լիներ այդ ծախսերը փակել, հարցնում է նա.

«Տեսնենք՝ միջին ամսականը որքան է կազմում, տարեկանը՝ որքան է կազմում, ի՞նչ հասույթ է մտնում քաղաքային բյուջե, և ծախսերը որքան են, կան նաև քրեական գործեր՝ «Երևան Ավտոբուս» ՓԲԸ-ի մսխումերի հետ կապված... Մենք կարծում ենք, որ միասնական տոմսայինով դրանք պիտի փակվեին և դոտացիայի կարիք չլիներ, իսկ իրենք զոռեցին, որ չէ, պետք ա լինի 150»,- հավելում է Մանուկ Սուքիասյանը:

Հետո ընդդիմադիրները հորդորեցին ուղևորներին բոյկոտել ու չվճարել: Քաղաքային իշխանությունը հակադարձում էր՝ Երևանում այլևս գազելներ չկան, նոր շարժակազմ է գործում, իսկ դրանք պահելու, վարորդներին վճարելու համար գումար է հարկավոր՝ 100 դրամ ուղեվարձն այդ ծախսը չի փակում:

«Չենք պատրաստվում տորլեյբուս չգնել ու այդ ծախսն էլ սուբսիդավորել, ինչ է թե քաղաքական բանսարկուները գիտակցաբար մանիպուլյացիա անելով մարդկանց դրդում են, որ բոյկոտի ճնշումն ավելանա»,- նախորդ տարի հայտարարել էր Ավինյանը:

Դրանից հետո քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցների թիվն ավելացվեց 24-ով, և նրանք սկսեցին մտնել ավտոբուսներ ու ստուգումներ իրականացնել՝ առանց վճարելու երթևեկողներին տուգանելով 10,000 դրամով, տոմս ունենալու, սակայն այն վալիդատորով չվավերացնելու դեպքում՝ 3,000, իսկ ուրիշի արտոնյալ քարտից օգտվելու համար՝ 15,000 դրամ։

Վերջին երկու ամսվա տվյալներով՝ փետրվարին 6422 ստուգում է իրականացվել, 563 հոգի տուգանվել է, իսկ մարտին՝ 3785 ստուգում է եղել, 359-ը տուգանվել են՝ (9.4%)։
Արտերկրում բնակվող ֆեյսբուքյան օգտատերերին հարցրինք՝ ո՞ր երկրում են ապրում ու ինչպես են այնտեղ վարորդները մասնակցում գանձումներին: Ըստ մեր գրառմանն արձագանքած հարյուրից ավելի օգտատերերի՝ շատ երկրներում վարորդի հիմնական գործը վարելն է, ոչ թե գումար հավաքելը։ Իսկ չվճարողների հարցը հիմնականում հսկիչներն են լուծում, ոչ թե վարորդները:

«Եթե հասարակական կարգի պահպանման աշխատակցիների թիվն ավելացվեց, ինչո՞ւ պետք է վարորդները ղեկը թողնեն ու գումարի հավաքագրմանը մասնակցեն»,- հարցրինք քաղաքապետարանին, որտեղից փոխանցեցին՝ ծառայությունը չի իրականացնում ուղեվարձի հավաքագրման գործընթաց, այլ վարչական պատասխանատվության է ենթարկում զանցանք թույլ տված անձանց:

Մանրամասները՝ տեսանյութում.