Ավինյանը կստանա առնվազն 2 մլն 80 հազար. ավագանին սահմանեց գործակիցները

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ավագանու նիստի ժամանակ, արխիվ

Երևանի քաղաքապետը հունվարի 1-ից առնվազն 2 միլիոն 80 հազար դրամ աշխատավարձ կստանա: Այսօր ավագանին չզեկուցվող ընթացակարգով հաստատեց մի նախագիծ, որով հունվարի 1-ից վարձրատրության հաշվարկի նոր համակարգ կգործի:

Ընդունված փաթեթով՝ ամենաբարձր գործակիցը սահմանվեց քաղաքապետի պաշտոնի համար, ուստի Տիգրան Ավինյանը հաջորդ տարեսկզբից 1 միլիոն 320 հազարի փոխարեն նվազագույնը 760 հազար դրամով ավելի կստանա:

«Նպատակը աշխատավարձերի վերանայումն է, այո, ես չեմ թաքցնում դա: Եվ ինչու՝ որովհետև [...] պետական համակարգում դա տեղի է ունենում, մարզերում դա տեղի է ունենալու, և Երևան քաղաքում վերջին անգամ՝ բուն կենտրոնական ապարատում և վարչական շրջաններում, վերանայում տեղի է ունեցել հինգ տարի առաջ», - հայտարարեց մայրաքաղաքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը:

Ավագանու իշխանական խմբակցության ղեկավարը, սակայն, առաջարկում է դեռ բարձրացումներից չխոսել, Գալջյանի խոսքով՝ ընդամենը գործակիցներ սահմանեցին. - «Բազային թիվն ունի սահմանաչափ՝ նվազագույնի 80-ապատիկից մինչև 120-ապատիկ, էդ արանքում որ տոկոսային թվի վրա մենք կկանգնենք, դա բյուջեի նախագծով պարզ կլինի, որովհետև դեռևս բյուջեի նախագիծը կազմվում է, և ծախսեր-եկամուտներ հարաբերակցության կանխատեսում է արվում: Ըստ դրա՝ բյուջեում նաև էդ թիվը կֆիքսվի»:

ՔՊ-ական Գալջյանի նշած բազային աշխատավարձի թիվն, ամեն դեպքում, 80 հազար դրամից ցածր լինել չի կարող՝ օրենքով սա է նվազագույն շեմը, ուստի Ավինյանի աշխատավարձը ամենաքիչը 2 միլիոնի կհասնի՝ ներառյալ հարկերը։ Բայց նա միակ պաշտոնյան չէ, որը աշխատավարձի կտրուկ բարձրացում կունենա, կբարձրանան նաև Ավինյանի տեղակալների, օգնականների, խոսնակի, վարչական շրջանների ղեկավարների, ինչպես նաև քաղաքապետարանի ցածր և միջին օղակների աշխատողների աշխատավարձերը։ Գալջյանը պարզաբանեց, թե մինչև այժմ աշխատավարձից բացի տրվում էր պարգևավճար, ծրագրում են պարգևավճարը դարձնել աշխատավարձի մաս:

«Եվ եթե մենք, օրինակ, դիտարկենք կոնկրետ աշխատակիցների կամ պաշտոնյաների դեպքերով, մենք կտեսնենք, որ էն հարաբերակցությունը հանրագումարային, որ իրենք ստանում էին աշխատավարձ պլյուս պարգևավճար, վերջնարդյունքում էս գործակիցների արդյունքում ավելի ցածր թիվ է լինելու, քան մինչև էս իրենք ստանում էին փաստացի», - վստահեցրեց ավագանու իշխանական խմբակցության ղեկավարը:

Գալջյանն այս պնդումն արեց, բայց հրապարակային այդպես էլ ոչ մի թիվ չհնչեցրեց։ Նաև պնդեց, թե բարձրացման արդյունքում քաղաքապետարանում փաստացի ավելի ցածր են ստանալու, և հիմնավորեց, թե ինչու է անհրաժեշտ, որ քաղաքապետարանի աշխատողները ավելի բարձր վարձատրվեն. - «Ամբողջ պետական համակարգում կա այդ փոփոխությունը, և Երևանի քաղաքապետարանը ինքը աշխատաշուկայում մրցակից է, և որպեսզի ինքը մրցակցության մեջ կարողանա գոյատևել, ինքը պետք է կարողանա համապատասխան ոլորտի մասնագետներին էնքան աշխատավարձ առաջարկի, որ տվյալ մասնագետը ուզենա քաղաքապետարանում աշխատի»:

Նախագծին դեմ քվեարկած ընդդիմադիր «Մայր Հայաստան»-ից խիստ քննադատեցին առաջիկայում աշխատավարձերի բարձրացումը: Խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի գնահատմամբ՝ քաղաքի կառավարման բազմաթիվ տապալումներ արձանագրած իշխանության աշխատավարձը բարձրացնելու հիմքեր չկան:

«Իրենք ինչ եկել-չեն եկել՝ թանկացել է տրանսպորտը, թանկացել է կարմիր գծերը, թանկացել է գույքահարկը, թանկացել է տեղական վճարները, քաղաքը թաթախված է խցանումների մեջ, քաղաքը թաթախված է էկոլոգիական խնդիրների մեջ, քաղաքը ունի տարաբնույթ մարտահրավերներ: Քաղաքացու գրպանն են մտել՝ բյուջեն ավելացրել են, բայց քաղաքի խնդիրները չեն պակասել, իրենց եկամուտները ավելացել են», - հայտարարեց Սուքիասյանը:

Թե ինչ հիմնավորմամբ են Տիգրան Ավինյանն ու իր ենթակաները աշխատավարձի աճ ունենալու և ինչ տրամաբանությամբ են սահմանվել գործակիցները, ավագանու նիստում չքննարկվեց: Որքան էլ ավագանու ընդդիմադիր անդամները ջանացին հարցը չզեկուցվող փաթեթից տեղափոխել զեկուցվողների ցանկ, հաջողություն չունեցան:

«Նաև աշխատակիցների մոտ հարցեր են առաջացել, ձեզ վստահեցնում եմ, հետևաբար եկեք խոսենք դրա մասին՝ ոնց ենք գնահատում, ինչի ենք զուգահեռ նույն տոկոսադրույքով ավելացնում: Միգուցե ով որ ավելի ցածր աշխատավարձ է ստանում, մի քիչ ավել բարձրացվեր, մյուսներինը ավելի ցածր տոկոսով բարձրացվեր, ավելի մոտենար, էսպես ասեմ՝ կտրվածությունը ցածր աշխատավարձի և բարձր աշխատավարձի էդքան կտրուկ չլիներ», - նշեց ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանը:

Բացի աշխատավարձերին առնչվող նախագծից, չզեկուցվող փաթեթով հաստատվեցին տասնյակից ավելի այլ հարցեր:

«Նախքան Տիգրան Ավինյանը հայտնվեց այս քաղաքապետարանում, այսպիսի պրակտիկա չկար նույնիսկ ամենակոռումպացված քաղաքապետների ժամանակ, էն Գագիկ Բեգլարյանը, որ հիմա բանտում է, նույնիսկ էն ժամանակ բոլորը քննարկվող էին: Հիմա, ո՞րն է ձեր տրամաբանությունը, ինչպե՞ս եք որոշում, ո՞րն է ձեր ստանդարտները, թե՞ արդյոք մեզ ընդհանրապես էշի տեղ եք դրել, բերում եք ստեղ, ոչ մի հարց չքննարկենք ու գնանք տուն, թե՞ արդյոք դուք քաղաքապետարանը տանում եք ավտորիտարիզմի», - հայտարարեց ընդդիմադիր Պեդրո Զառուկյանը:

Ավագանու իշխանական անդամները մերժեցին ընդդիմության ներկայացուցիչների առաջարկը և կողմ քվեարկելով հաստատեցին չզեկուցվող նախագծերի փաթեթը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ավագանին առանց քննարկման հաստատեց Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը Երևանի քաղաքապետարանում նախատեսում են հունվարից բարձրացնել աշխատավարձերը