Երևանի քաղաքապետարանի ավագանու այսօրվա նիստում քննարկվում էր մայրաքաղաքի բեռնաթափման, խցանումների հարցը:
Ընդդիմադիր Պեդրո Զարոկյանը քաղաքային իշխանությանը մեղադրեց հարցը լուծելու անկարողության մեջ. «Հիմա եթե դուք լուրջ եք խցանումները վերացնելու հարցում, հերիք է արդեն, մեզ տանջում եք ձեր անգործությամբ, անգրագիտությունով»:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց. «Եթե Դուք շարունակեք Ձեր անբարտավան բերանը բացել սխալ ձևով, շատ խիստ կպատժվեք»:
Ավինյանը նախազգուշացում արեց և Զարոկյանին զրկեց ձայնի իրավունքից:
Քաղաքային իշխանությունը խցանումների հարցը թեթևացնելու համար նոր միջոցներ ձեռնարկելու մասին է խոսում: Ի թիվս այլ տարբերակների, ըստ քաղաքապետ Ավինյանի, խցանումների հարցը կարգավորելու համար Երևանում ուղևորափոխադրումները պետք է իրականացնեն «այդ նպատակով լիազորված և պարտավորություն ունեցող կառույցները՝ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն, «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ն և մետրոպոլիտենը». մարզային ուղևորափոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցները մայրաքաղաք չպետք է մտնեն: