Ուկրաինական անօդաչու թռչող սարքերն անցած գիշեր հարվածել են Վոլգոգրադի մարզի Wildberries-ի լոգիստիկ կենտրոնին և նավթավերամշակման գործարանին, ինչպես նաև Թաթարստանում գտնվող Wildberries-ի ևս մեկ պահեստի։
Վոլգոգրադի մարզի նահանգապետ Անդրեյ Բոչարովը հայտնել է տարածաշրջանի օբյեկտների վրա անօդաչու թռչող սարքերի «զանգվածային» հարձակման, հինգ տուժածի մասին։ «Հրդեհներ են բռնկվել Վոլգոգրադի հարավում գտնվող վառելիքաէներգետիկ համալիրի արդյունաբերական ձեռնարկությունում, ինչպես նաև Ձերժինսկի շրջանում գտնվող պահեստային տարածքներում»,- ասվում է նրա տարածած հաղորդագրության մեջ։
Wildberries-ում ևս հաստատել են Վոլգոգրադի պահեստում բռնկված հրդեհի տեղեկությունը։
Ուկրաինական Exilenova+ և Supernova+ մոնիթորինգային տելեգրամյան ալիքները, ինչպես նաև Astra-ն հրապարակել են կադրեր, որոնցում, ենթադրաբար, երևում է «Լուկօյլ-Վոլգոգրադնեֆտեպերերաբոտկա» նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհը։
Դա Ռուսաստանի հարավային հատվածում նավթամթերքի խոշորագույն արտադրողն է։ 2025-ին գործարանը վերամշակել է 13,7 միլիոն տոննա նավթ, ինչը կազմում է երկրի ընդհանուր վերամշակման ծավալի մոտ 5 %-ը։
Ուկրաինայի զինված ուժերը բազմիցս հարձակվել են այդ ձեռնարկության վրա։ Մայիսի վերջի հարձակումից հետո գործարանը ժամանակավորապես դադարեցրել էր աշխատանքը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկրի տարբեր շրջանների, այդ թվում՝ Թաթարստանի և Դաղստանի, երկնքում խոցվել է ուկրաինական 371 անօդաչու թռչող սարք։