ԱԹՍ հարվածից հրդեհ է բռնկվել Կուրսկի շրջանի ցածրավոլտ սարքավորումների գործարանում

ԱԹՍ, Արխիվային լուսանկար

ԱԹՍ հարվածից հրդեհ է բռնկվել Ռուսաստանի Կուրսկի շրջանի Կորենևսկու ցածրավոլտ սարքավորումների գործարանում, այրվում է արտադրամասերից մեկը, հայտարարել է Կուրսկի մարզի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը։

Նրա խոսքով՝ աշխատակիցների շրջանում տուժածներ չկան, հրդեհաշիջման աշխատանքներ են ընթանում։

Պաշտոնյան դեպքի վայրից նաև լուսանկարներ է հրապարակել։

Shot տելեգրամյան ալիքը գրում է, որ տեղի բնակիչները մի քանի անօդաչու թռչող սարքերի ձայներ և հզոր պայթյուններ են լսել, ապա հրդեհ է բռնկվել ցածրավոլտ սարքավորումների գործարանի տանիքում։

Baza-ն էլ գրում է, որ գործարանի աշխատակիցները տարհանվել են մինչև հրշեջների ժամանելը։ Նախնական տվյալներով՝ զոհեր և վիրավորներ չկան։

Այս գործարանը էներգետիկ և արդյունաբերական այլ ոլորտների համար սարքավորումներ է արտադրում։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ անցած գիշեր հակաօդային պաշտպանության ուժերը 13 անօդաչու թռչող սարք են խոցել ՌԴ տարածքում, այդ թվում՝ մեկը Կուրսկի շրջանում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանը ենթարկվել է ԱԹՍ-ների ամենազանգվածային հարձակմանը պատերազմի սկզբից ի վեր