ԱԹՍ հարձակումից հրդեհ է բռնկվել Լիպեցկի մերձակայքում գտնվող ռազմական օդանավակայանում

Լիպեցկի ավիացիոն կենտրոնը NASA FIRMS-ի քարտեզից, 9-ը օգոստոսի, 2024թ․

Անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Լիպեցկի մոտ գտնվող ռազմական օդանավակայանում, հաղորդում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մարզային վարչությունը։

Astra տելեգրամյան ալիքի փոխանցմամբ, ԱԹՍ հարվածից հրդեհ է բռնկվել օդանավակայանի զինամթերքի պահեստում։

Նահանգապետ Իգոր Արտամոնովն առավոտյան իր ուղերձներում չի հիշատակել օդանավակայանում բռնկված հրդեհը։ Նա միայն նշել է, որ Լիպեցկը ԱԹՍ զանգվածային հարձակման է ենթարկվել։ Նրա խոսքով՝ պայթունավտանգ տարածքում դետոնացիա է տեղի է ունեցել՝ «քաղաքացիական շենքերից հեռու»։

«Դետոնացիայի հետևանքները վերացնելու համար Լիպեցկի շրջանում արտակարգ դրություն է մտցվել, դադարեցվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը», -Տելեգրամում գրել է նահանգապետը։

Օդանավակայանի մոտ գտնվող չորս՝ Կոպցևի Խուտորա, Ֆյոդորովկա, Յակովլևկա, Տինկովկա բնակավայրերից մարդկանց տարհանում են։

Արտամոնովը նաև տեղեկացրել է, որ ԱԹՍ հարվածներից Լիպեցկում էլեկտրական ենթակառուցվածք է վնասվել, հինգ միկրոշրջաններ մի քանի ժամով հոսանքազրկվել են, առնվազն 9 մարդ էլ, ըստ նրա, ԱԹՍ հարվածներից վիրավորվել ու հոսպիտալացվել է։

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ օգոստոսի լույս 9-ի գիշերը Ռուսաստանի տարածքում 82 ԱԹՍ է խոցվել, որից 19 Լիպեցկի շրջանում, 7-ը՝ Կուրսկի։

Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր ռուսական կողմը պարբերաբար հաղորդում է գնդակոծությունների և անօդաչու սարքերի հարձակումների ենթարկվելու մասին: Կիևը հիմնականում չի մեկնաբանում այս հաղորդումները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայի զինված ուժերը «Կուրսկի մարզում ամրություններ են կառուցում» (Թարմացվող)