Աստանայում ՀԱՊԿ գծով Մոսկվայի հարցմամբ ուկրաինուհու են ձերբակալել

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի օդանավակայանը, արխիվ

Ղազախստանում ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցման հիման վրա ձերբակալել են Ուկրաինայի քաղաքացի Լյուբով Ռոժանսկայային: Այդ մասին հաղորդել է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով ձերբակալվածի փաստաբան Ալեքսեյ Պրյանիշնիկովին:

Լրագրողների հետ զրույցում հաստատելով տեղեկատվությունը՝ Աստանայում աշխատող փաստաբան Ռիզա Նուրբաևան փոխանցել է, որ Ռոժանսկայային ձերբակալել են երեկ Ղազախստանի մայրաքաղաքի օդանավակայանում՝ սահմանային հսկողություն անցնելիս: Այժմ ուկրաինուհին մեկուսարանում է:

2023 թվականին Ռուսաստանում Ռոժանսկայայի դեմ քրեական գործ են հարուցել երեխայի առևանգման փորձի մեղադրանքով: Խոսքը նրա իսկ թոռան մասին է, որին 2021-ին Օդեսայից Կալինինգրադ տեղափոխված և Ռուսաստանի քաղաքացիություն ընդունած նախկին հարսն այս տարվա հունիսին առաջարկել էր հանձնել տատին և պետք է դրա համար տղային Աստանա բերեր. անցած տարի Ուկրաինայի գերագույն դատարանը հոր հայցով տղայի բնակության վայր է որոշել Օդեսան:

Քրեական գործի մասին ուկրաինուհին տեղյակ չի եղել, քանի որ երբեք Ռուսաստան չի այցելել, մինչդեռ այս տարվա օգոստոսին Կալինինգրադի դատարանը բավարարել է նրան կալանավորելու ԱԴԾ միջնորդությունը:

Փաստաբան Պրյանիշնիկովն իր պաշտպանյալի ձերբակալությունը «բավական հստակ պլանավորված գործողություն» և «ԱԴԾ-ի սադրանք» է որակել: