«Արվում են համապատասխան աշխատանքներ». Ասրյանը՝ բանակում մահվան դեպքերի կանխարգելման մասին

Զինծառայողների մահվան դեպքերը կանխելու ուղղությամբ համապատասխան աշխատանքներ են իրականացվում, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը:

«Շատ ժամանակ է պահանջվում, որպեսզի ասեմ՝ ինչ է արվում», - ասաց Ասրյանը՝ բանակում ինքնասպանությունները կանխելու մասին հարցին ի պատասխան:

Ինչ վերաբերում է բանակում մահվան դեպքերին, Ասրյանն ասաց. «Կան դեպքեր միջանձնային հարաբերությունների արդյունքում, կան ֆինանսական բացերի, կան ծառայությունից դուրս առողջական խնդիրների արդյունքում, կան ճանապարհատրանսպորտային պատահարներով և այլն»։

Անդրադառնալով բանակում ինքնասպանությունների դեպքերի պատճառներին՝ նշեց, որ դեռ իրենք էլ պիտի հասկանան՝ ինչն է բերում դրան:

ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանն էլ ասաց. «Պետությունը բոլոր մակարդակներում փորձում է շահագրգիռ կառույցների ներգրավմամբ ամեն ինչ անել, որպեսզի մենք մինիմումի հասցնենք»: Թե կոնկրետ ինչ է արվում, փոխնախարարը չմանրամասնեց:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը բանակում զինծառայողների մահվան դեպքերի մասին հարցը թողեց անպատասխան:

Այս տարվա ընթացքում բանակում մահվան արդեն 17 դեպք է գրանցվել, որ կապված է ծառայության հետ: Այս դեպքերի մեծ մասը սպանության ու ինքնասպանության հոդվածներով են քննվում: 2025 թվականին ծառայության հետ կապված հանգամանքներում մահացել է 10 զինվոր. 4-ը, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպանություն է գործել: Այսինքն՝ այս տարի մահվան դեպքերն արդեն 7-ով գերազանցում են նախորդ տարվա ցուցանիշը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Սպանությո՞ւն, թե՞ ինքնասպանություն, ինչի՞ց է մահացել զինվորը. պաշտոնական աղբյուրները լուռ են